Տնտեսության իրավիճակից է կախված Հայաստանի անվտանգությունը եւ բնակչության սոցիալական վիճակը, այսօր՝ հունվարի 22-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում նշել է Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը:
«Մենք բոլորս մեզ համար գրեթե նույն բանն ենք ցանկանում՝ խաղաղություն, աշխատանք, պատշաճ եկամուտ, որակյալ կրթություն եւ առողջապահություն: Շատ ուրախ եմ, որ մենք վերջապես ձեր հարազատների եւ ընկերների հետ կարողացանք շահագործման հանձնել տարածաշրջանային նշանակության հիվանդանոցները: Այդ ամենը միասին կոչվում է անվտանգ Հայաստան: Այդ բաղադրիչներից մեկի բացակայությունը մեր կյանքը նվազ ապահովված է դարձնում՝ եւ՛ սոցիալական, եւ՛ֆիզիկական, եւ՛ իրավական տեսանկյունից:
Մեր ծրագրի գլխավոր արժանիքը համարում եմ համակողմանիությունը: Խնդիրները, որոնք պետք է լուծենք, պետք է որպես ընդհանուրի մաս դիտարկվեն: Այս ծրագիրը հենց համալիր լուծում է ենթադրում. Մի բաժինը լրացնում է մյուսին: Բացատրությունների կարիք չունի տնտեսության եւ սոցիալական դրության, տնտեսության եւ անվտանգության, տնտեսության եւ աշխատանքի մնացած բոլոր ոլորտների ուղիղ կապը: Մենք մեր երկրի բարօրությունը կառուցելու այլ միջոցներ չունենք: Մենք կշարունակենք քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելուն ուղղված միջոցառումները, եւ ժամանակի ընթացքում դրանց թիվը կմեծանա:
Եթե անկողմնակալ դատենք, ապա պետք է նշենք, որ 2012թ. Գորիսի խնդիրները գոնե ինչ-որ չափով կարողացել ենք լուծել, եւ ամեն ինչ համեմատության մեջ է պետք դիտարկել: Այլապես դժվար է գնահատականներ տալը: Մենք կշարունակենք տարածքում բուժհաստատությունների վերականգնումը, կբարելավենք կրթության պայմանները՝ 9-ամյա պարտադիր կրթությունը կփոխարինվի 12-ամյա կրթությամբ», – ասել է նախագահը: Բացի դա, շեշտը, ըստ նրա, կդրվի ուսանողների համար կրթական վարկեր տրամադրելու վրա:
Ցավոք, հավելել է Սերժ Սարգսյանը, Հանրապետությունում դեռ անհապաղ վերանորոգման կարիք ունեցող դպրոցներ կան: «Միայն վերջերս մենք կարողացանք ապահովել բոլոր դպրոցների ջեռուցումը: Ես գիտեմ, որ Սյունիքի ցավոտ հարցերից մեկը հենց անմխիթար վիճակում գտնվող դպրոցներն են: Մենք անպայման առաջիկա 4 – 5 տարում հարցը վերջնական կկարգավորենք», –ամփոփել է պետության ղեկավարը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























