Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ-ի բժիշկները շարունակում են պայքարել Դեդ Հասանի վրա կատարված մահափորձի ժամանակ վիրավորված Մարյատ Բիկչուրինայի կյանքի համար: Սակայն, եթե նույնիսկ հաջողվի փրկել նրան, նա անդամալույծ կմնա: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԳՀԻ-ի տնօրեն Անզոր Հուբուտիան:

«Եթե մեզ հաջողվի փրկել նրան, ցավոք, նա հաշմանդամ կմնա: Կնոջ մոտ կոտրվել է կրծքային հատվածի ողնաշարային լարը»,- ասել է նա, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Հիշեցնենք, որ 30- ամյա  Մարյատ Բուկչուրինան կրակահերթի տակ է ընկել հունվարի 16-ին, երբ դիպուկահարը Մոսկվայի Պովարսկոյ փողոցում կրակել է«Հին ֆայտոն» ռեստորանից դուրս եկած  Ասլան Ուսոյանի վրա : Ձայնը խլացնող սարքի եւ օպտիկայի օգնությամբ հանցագործը կրակել է վեց անգամ` փամփուշտներից մեկը դիպել է Ասլան Ուսոյանի գլխին, եւս երկուսը` կրծքին եւ ոտքին, վիրավորվել է նաեւ Մարյատ Բիկչուրինան:

Կինը տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկները մի քանի վիրահատություն են կատարել, սակայն նրա վիճակը շարունակում է ծանր մնալ: