Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Դավոսում  Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ կարճատեւ հանդիպումից հետո նոր հանդիպման համոզմունք է հայտնել:

Նա նշել է, որ ոչ մի հարց չի բարձրացվել, նոր հանդիպումների հնարավորություններն էլ չեն քննարկվել, սակայն ըստ Իվանիշվիլիի, դա չի նշանակում, որ դրանք չեն կայանա, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:

Իվանիշվիլին նաեւ վստահեցրել է, որ կշարունակվեն կապերն այլ հարթություններում՝ հավելելով, որ հարաբերություններում ակնհայտ առաջընթաց կա:  Նա ընդգծել է, որ պետք է վերականգնել պետությունների միջեւ ավիահաղորդակցումը եւ առաջ շարժվել: 

Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական ֆորումի հյուրերի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ Մեդվեդեւը զրուցել էր Վրաստանի վարչապետի հետ: Դա դարձել էր երկու պետությունների կառավարությունների ղեկավարների առաջին շփումը՝  2008թ. դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո։