Իտալացի Թոմասո դե Բենեդետին համացանցում հայտնի մարդկանց մասին ստահոդ լուրերի տարածման հայտնի հեղինակ է, նա խոստովանել է, որ ինքն է հունվարի 24-ին El Pais իսպանական թերթում հրապարակել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի կեղծ լուսանկարը:
Ավելի վաղ դե Բենեդետին բազմիցս էջեր էր ստեղծել, որոնք իբր պատկանում էին հայտնի մարդկանց` Իտալիայի վարչապետին, Աֆղանստանի նախագահին եւ այլն: Նրանց անունից դե Բենեդետին լուրեր էր հրապարակել այնպիսի հայտնի մարդկանց մահվան մասին, ինչպիսիք են` Ջոան Ռոուլինգը, Ֆիդել Կաստրոն, Միխայիլ Գորբաչյովը եւ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը:
Իսպանական թերթը հունվարի 25-ին հրատարակչության կայքում տեղադրված նյութում պնդում է, որ լուսանկարը թերթին էր տրամադրել Gtres Online գործակալությունը, եւ որի համար վճարվել էր 30 հազար եվրո:
El Pais-ը նշում է, որ գործակալությունն արդեն խոստովանել է իր խաբված լինելը եւ այժմ մտադիր է դատի տալ այդ լուսանկարն առաջարկած մարդուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ նկարը հայտնվել էր պարբերականի հունվարի 24-ի համարում, որում Չավեսն իբր վերակենդանացման բաժանմունքում է: Ավելի ուշ պարզվել էր, որ նկարը 2008 թվականին YouTube կայքում տեղադրված 48-ամյա տղամարդու վիրահատության տեսանյութից հատված է: Բարձրացած աղմուկից հետո El Pais-ը ջնջել է կեղծ լուսանկարն իր կայքից եւ վերատպագրել պարբերականը:





























