Հայաստանի նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական պատվիրակության հետ, որը գլխավորում է Հեյդի Տալյավինին:

Արման Մելիքյանն այսօր՝ հունվարի 25-ի մամուլի ասուլիսում հայտնել է, որ ինքը դիտորդների ուշադրությունը հրավիրել է երկրից բացակայող ընտրողների խնդրի վրա. «Դիտորդները կենտրոնանում են ընտրացուցակների վրա, կարծում եմ, ցուցակները բավական նորմալ են: Խնդիրն այլ տեղ է», - ասել է նախագահի թեկնածուն: Ըստ նրա՝ շատ ավելի կարեւոր է այն, որ, ինչպես խոստովանում են պաշտոնատար անձինք, մինչեւ 2010թ. երկիրը մոտ մեկ մլն 300 հազ. մարդ է լքել: Հաջորդ երկու տարիներին՝ եւս 150 հազար:

«Ստացվում է, որ մեկուկես մլն մարդ լքել է երկիրը, եւ նրանց մոտ երկու երրորդը  ձայնի իրավունք ունեն: Պետք է գումարել նաեւ երկքաղաքացիություն ունեցողներին՝ 200-300 հազար մարդ, որոնց մեծամասնությունը երբեք Հայաստանում չի բնակվել եւ չի էլ պատրաստվում, բայց ներառված են ընտրացուցակներում», - նշել է  Արման Մելիքյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am