ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Հովհաննես Նիկողոսյանը,  չդիմանալով պաշտոնական լիազորությունները անցած հրամանատարի` 35-ամյա Արմեն Գրիգորյանի եւ ծառայակցի` 20-ամյա Էդվարդ Գալստյանի նվաստացուցիչ հայհոյանքներին, 2012թ. ապրիլի 27-ին,ժամը 19.45-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի 1281937 համարի ինքնաձիգից ստորին կզակային շրջանում մեկ կրակոց է արձակել եւ ինքնասպան եղել: Գորիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

35-ամյա Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանները դիրքի անձնակազմի ներկայությամբ նվաստացնող հայհոյանքներ է հասցրել ժամկետային զինծառայող` Հովհաննես Նիկողոսյանին:Իրեն խաբելու անձնական շահագրգռվածությունից ելնելով խիստ պետի տպավորություն թողնելու շարժառիթով ծեծի է ենթարկել Արթուր Հովհաննիսյանին:

Հովհաննես Նիկողոսյանը չդիմանալով կոպիտ հայհոյանքի ձեւով պիտակը կրելու եւ ստորացուցիչ հալածանքներին իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի 1281937 համարի ինքնաձիգից ստորին կզակային շրջանում մեկ կրակոց է արձակել եւ ինքնասպան եղել:Բացի այդ, Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ու չի կատարել հերթապահության գրաֆիկով նախապես հաստատված դիրքի զինծառայողների հերթափոխը:

Քրեական գործ է հարուցվել  365 հոդվածի 1-ին մասով,375 հոդվածի 2-րդ մասով եւ  375 հոդվածի 1-ին մասով: Ավելին` 20-ամյա Էդվարդ Գալստյանին եւս  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ մի քանի անգամ,պարբերաբար վիճաբանության մեջ է մտել Հովհաննես Նիկողոսյանի հետ,որի ընթացքում ստորացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը: Ինչի արդյունքում Հովհաննես Նիկողոսյանը ինքնասպան էր եղել:  Էդվարդ Գալստյանի դեմ էլ  քրեական գործ է հարուցվել 359 հոդվածի 3 –րդ մասով: Գործը դատարան է ստացվել հունվարի 24-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: