Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժման հետ համատեղ զեկույց է պատրաստել վերջին 2 ամսվա ընթացքում Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումների հետ կապված։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը եւ «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժման համատեղ ժողովում ներկայացվել է պատրաստված զեկույց, որում շեշտվել է, որ Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներում գողության գործոնը արժանահավատ չէ։
Ժողովի ժամանակ ելույթով հանդես եկած Մարդու իրավունքների պաշտպանության Ստամբուլի գրասենյակի խորհրդի անդամ Մերալ Չըլդըրը նշել է, թե հասարակության մեջ խոսում են, որ երբ «հայ» բառը որպես հայհոյանք է օգտագործվում, հայերի դեմ հարձակումները կշարունակվեն։ «Պատրաստված զեկույցն ուղարկվելու է Ներքին գործերի նախարարություն։ Մարիցա Քյուչուքի սպանության գործը պետք է բաց հետաքննվի։ Հետաքննությունը չպետք է ներառի միայն սպանության գործը, այլ նաեւ հաշվի առնվի հնարավոր կապող օղակները։
Պետք է անմիջապես օրենք հանվի ռասիզմը հանցանքն համարելու համար։ Պետությունն անձամբ պետք է ապացուցի, որ ինքը չի հովանավորում ազգայնամոլներին եւ ռասիստներին»,-նշել է Չըլդըրը։
Նշենք, որ դեկտեմբերից սկսված Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց դեմ։ Բոլոր հարձակումներն ունեն նույն ձեռագիրը։ Հարձակումներից մեկի ժամանակ հանցագործը կամ հանցագործները դաժանորեն սպանել են Մարիցա Քյուչուքին։ Հարձակումներից երկուսում հանցագործի դաժան ծեծի հետեւանքով 2 տարեց հայ կանայք զրկվել են աչքերից մեկից։ Իսկ մի դեպքում էլ փորձ է արվել առեւանգել հայ կնոջը։





























