Ադրբեջանի կառավարությունը վերջերս թույլատրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով թռչող քաղաքացիական ինքնաթիռները կործանելը։
Որոշումն ընդունվել է դեպի Ստեփանակերտ եւ Ստեփանակերտից թռչող չվերթների մասին հայտարարության համատեքստում։ Այդ մասին ասված է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության տարածած հաղորդագրությունում։
«Քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքը միջազգային հանրության ցանկացած քաղաքակիրթ եւ հարգված անդամի կողմից ընդունված չափանիշների խախտում է։ Սակայն, հաշվի առնելով միջազգային իրավունքը եւ մարդու իրավունքները հարգելու Ադրբեջանի փորձը, միանգամայն հնարավոր է, որ այդ երկրի կառավարության որոշումը ամբողջությամբ դեկլարատիվ բնույթի չէ»,- ասված է հայտարարությունում։
Հայտարարությունում հիշեցվում է, որ խորհրդային կայսրության վերջին օրերին ադրբեջանական իշխանություններն իրենց ազգությամբ հայ քաղաքացիների ջարդեր էին կազմակերպել, այնուհետեւ ինքնաթիռներ ուղարկել, որպեսզի ռմբակոծեն Ստեփանակերտի բնակելի տները, դպրոցները, հիվանդանոցները։ Այնուհետեւ անդրադարձ է արվում Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու պատմությանը։ «Այդ զազրելի ոճրագործությունը փառաբանվեց Ադրբեջանի ղեկավարության կողմից, իսկ մարդասպանը հերոսի կոչման արժանացավ»։
Հայտարարությունում նաեւ նշվում է 21 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության պետականության հաջող կառուցման մասին, որը Հայաստանի հետ օդային հաղորդակցումը վերականգնելու որոշում է կայացրել՝ էլ ավելի խորացնելով Ադրբեջանի թշնամանքը։
«Ոչ Հայաստանը, ոչ Արցախը Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործմամբ բանակցային գործընթացին վնասելու նպատակ չեն հետապնդում»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնելով Կալիֆոռնիայի Սենատում գլխավոր հյուպատոսի վերջին հայտարարության մասին՝ ընդգծվում է, որ Ադրբեջանը վերջերս սուտ քարոզչություն եւ ռազմական հռետորաբանություն է վարում ԱՄՆ-ի արեւմտյան ափերում, որտեղ հայկական ամենամեծ համայնքներից մեկն է գտնվում։





























