«Իմ հասցեին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ Միխեիլ Սաակաշվիլու կողմից հնչեցված մեղադրանքները բացահայտ սուտ եւ ապատեղեկատվություն են»,- այդ մասին ասվում է օրերս Վրաստանում ազատ արձակված քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հայտարարության մեջ:
«Երբեք եւ ոչ մի անգամ «ռուսական լրտես», «գործակալ լինելու» մեջ որեւէ մեղադրանք ինձ դատարանում չի՛ առաջադրվել եւ չէր էլ կարո՛ղ առաջադրվել: Սաակաշվիլի-Մերաբիշվիլի զույգը իշխանության գլուխ էր, իրենց ձեռքում էին ուժային կառույցները եւ դատախազությունը, երբ չորսուկես տարի առաջ ինձ ձերբակալեցին, իսկ 2009-ի ապրիլին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման իբր 2005-06-ին «հանրային կարգը խախտելու», «խուլիգանության» եւ «զենք-զինամթերք պահելու» մեղադրանքներով: Ի դեպ, վերոնշյալ մեղադրանքների հետ ես համաձայն չեմ, դրանք ես երբեք չե՛մ ընդունել եւ չեմ ընդունում»,- նշել է Չախալյանն ու հավելել. «Կրկնեմ, ես անազատության մեջ էի միմիայն այն բանի համար, որ հետեւողականորեն պահանջել եմ վրացական իշխանություններից հարգել վրացահայության իրավունքները, վերադարձնել բռնգրավված հայկական եկեղեցիները, հայոց լեզվին Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ, Ախալքալաքում հայկական համալսարան բացել եւ այլն: Ինձ ազատազրկեցին Ջավախքի բնակչության նկատմամբ Սաակաշվիլիի հանցավոր ռեժիմի ոստիկանական հալածանքները, դրամաշորթության եւ ունեզրկման «բեսպրեդելը» քննադատելու, օրինական միջոցներով այդ երեւույթների դեմ իմ պայքարի համար։
Իմ անձի, գաղափարների, քաղաքական նպատակների եւ գործունեության վերաբերյալ Սաակաշվիլու սուտն ու զրպարտությունը գալիս են եւս մեկ անգամ հաստատելու, որ իմ գործը քաղաքական է, որ ինձ ազատազրկման էին ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով՝ շինծու մեղադրանքների հիման վրա»:
Չախալյանը նշել է, թե պարզապես ափսոսում է, որ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը եւ նախկին վարչապետը այսքան մանր անձնավորություններ են, որ ներիշխանական քաղաքական շահարկման եւ այլ ճղճիմ նկատառումներից ելնելով չեն խորշում անգամ ազգամիջյան թշնամանք հարուցող ապատեղեկատվական բնույթի հայտարարություններ անելուց:
«Արդեն իսկ դիմել եմ դատախազություն Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Բակրաձեի զրպարչական բնույթի հայտարարության վերաբերյալ: Ես կխորհրդակցեմ իմ փաստաբանների հետ եւ այս հարցով եւս կձեռնարկեմ համապատասխան եւ համարժեք քայլեր»,- ասել է Վահագն Չախալյանը:





























