Նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում համացանցի հնարավորություններն ամենաշատն օգտագործում են նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, մնացած թեկնածուներն ավելի պասիվ են այդ առումով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ինչ վերաբերում է թեկնածուների PR ակցիաներին, ապա քաղտեխնոլոգի կարծիքով, լավ PR հնարք է Անդրիաս Ղուկասյանի հացադուլը: «Երբ լսում ենք նրա պահանջների մասին, հացադուլն իմաստը կորցնում է, քանի որ պահանջներն իրական չեն: Սակայն այդ տեխնոլոգիայի շնորհիվ Ղուկասյանը հայտնի է դառնում լայն հասարակությանը»:
Ինչ վերաբերում է թեկնածու Պարույր Հայրիկյանին, ապա քաղտեխնոլոգը նրա քարոզարշավը բնութագրեց հետեւյալ կերպ. «Հաշվի առնելով վերջին քսան տարվա ընթացքում Հայրիկյանի գործունեությունը, կարելի է ասել, որ Հայրիկյանի ճանապարհներն անքննելի են: Այս քաղաքական գործչի գործողություններում տրամբանական բացատրություն սպասել պետք չէ»:
Րաֆֆի Հովհաննիսյանն արեւմտյան PR տեխնոլոգիա է կիրառում, որն ուղղված է արեւմտյան մտածողությամբ ընտրազանգվածին. «Հիմնականում այդ տեխնոլոգիան կիրառվում է Երեւանում, քանի որ գիտակցում է, որ ձայների մեծ մասը կստանա հենց մայրաքաղաքում: Եթե հայի մտածողության համար նորմալ է ընկալվում ձեռքով բարեւելը, ապա վարսավիրանոց եւ շուկա գնալը բացասաբար է անդրադառնում Հովհաննիսյանի վարկանիշի վրա»: Ըստ Քոչարյանի` Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավն ավելի շատ հիշեցնում է «Թրումանի շուոն», եւ ամբողջ Հայաստանն հետեւում է այդ ռեալթի շոուին:
Թեկնածու Արամ Հարությունյանը հայատարարում է, թե միակ ընդդիմադիր թեկնածուն է, բայց քննադատում է հիմնականում թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Հրանտ Բագրատյանին: «Ձեւի համար նա նաեւ քննադատում է գործող նախագահին, ինչի պատճառով տպավորություն է ստացվում, որ նրան լիազորել են քննադատել միայն այդ երկու թեկնածուներին»:
Ամենաանհասկանալի թեկնածուն, ըստ Քոչարյանի, Արման Մելիքյանն է, ով 2008թ. ընտրություններից հետո կարող էր մնալ քաղաքական դաշտում, սակայն նախընտրեց անհետանալ հինգ տարով, հետո կրկին հայտնվել: «Ստացվում է, որ Մելիքյանը գալիս եւ գնում է միան թեկանածուի առաջադրվելու համար»:
Թեկնածու Հրանտ Բագրատյանը քարոզարշավի ընթացքում շատ քիչ է օգտագործում համացանցը եւ սոցիալական ցանցերը, եւ ավելի շատ կենտրոնացած է մարզային այցելությունների վրա:
Թեկնածու Վարդան Սեդրակյանը թեեւ մինչեւ քարոզարշավն իր համար ընտրել էր «էպոսագետ» տերմինը, սակայն նրա վարքագիծն ավելի ուշ ծաղրածության վերածվեց. «Սկզբանական փուլում դա վատ չաշխատեց, սակայն հետագայում նրա արտահայտած մտքերը հասարակության համար անհասկանալի են: Նրա հռետորական հայտարարություններն աշխատում են հենց իր դեմ: Նախագահական ընտրություններից հետո նրա մասին ոչ ոք չի էլ հիշի»:





























