Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին զարմացած է «Վրաստանի բանտերից ռուսական գործակալների» ազատման հարցին Վիրահայոց թեմի արձագանքից եւ այն բանից, որ դա նրանց կողմից քաղաքականացված հայտարարության հիմք դարձավ: Այդ մասին ասված է հունվարի 28-ին տարածած հաղորդագրությունում:
«Նախ ցանկանում ենք մեկ անգամ եւս հարգանաց հավաստիք մատուցել մեր համաքաղաքացի հայերին եւ Վիրահայոց թեմին…
Վրաց հասարակայնությանը հայտնի է, որ Վրաստանում կային եւ այսօր էլ գործում են քաղաքական եւ հասարակական խմբեր, որոնք իրենց քաղաքական հեռանկարը կառուցում են ատելության, այդ թվում` հայատյացության հիմքով: Վրաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ նման մոտեցումը կտրականապես անընդունելի է: Այս կապակցությամբ զարմանալի է Վիրահայոց թեմի արձագանքը Վրաստանի քաղաքացի Վահագն Չախալյանի ազատմանը:
…Վրաստանի նախագահը բազմիցս ընդգծել է, որ ազատված անձանց շարքում Վրաստանի քաղաքացիություն չունեցող անձինք կային, որոնք ազատազրկվել էին Ռուսաստանի օգտին լրտեսության եւ այլ ծանր հանցանքների համար (Յուրի Սկրիլնիկով, Արմեն Գեւորգյան)... Վրաստանի ներկա իշխանություններն անգամ չփորձեցին արտասահմանցի գործակալներին փոխանակել Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով պատիժ կրող Վրաստանի քաղաքացիների հետ:
Անհասկանալի է Վիրահայոց թեմի արձագանքը քաղաքական այդ ընդդիմության նկատմամբ: Անհասկանալի է ռուսական լրտեսներին ազատելու վերաբերյալ Վրաստանի իշխանությունների հիմնավորված քննադատության առթիվ Վիրահայոց թեմի քաղաքականացված հայտարարոության դրդապատճառը, փոխանցում է «Գռուզիա Օնլայնը»:
Civil.ge-ն հայտնում է, որ Վիրահայոց թեմը դատապարտել էր Չախալյանի ազատման կապակցությամբ Սահակաշվիլիի հայտարարությունը: Նախագահ Սահակաշվիլիի «ոչ կոռեկտ» հայտարարությունը Վահագն Չախալյանի ազատման վերաբերյալ նպաստում է «հակահայկական տրամադրությունների տարածմանը», հայտարարել է թեմը:
«Նման հայտարարություններով նախագահը եւ ՆԳՆ նախկին նախարարը ընդունեցին, որ « Միասնական ազգային շարժման իշխանության օրոք արդարադատություն չի եղել»: «Եթե Չախալյանն իրականում սեպարատիստ էր եւ լրտես, ապա ինչու նա չէր դատապարտվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Դրա բացատրությունը մեկն է. նախկին իշխանությունը արդարդատության համակարգն օգտագործել է իր քաղաքական հակառակորդների դեմ», - ասված էր հայտարարության մեջ:
«Նախագահ Սահակաշվիլին իրեն թույլ է տվել նշել նաեւ ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը, հայտարարելով, որ ազատումը տեղի է ունեցել վերջինիս խնդրանքով: Ցանկանում ենք հայտարարել, որ նախեւառաջ կոչն արվել է մարդասիրական նկատառումներից եւ Չախալյանի ծնողների խնդրանքից ելնելով: Երկրորդ, Չախալյանն այսպես թե այնպես համաներման էր արժանանալու, քանի որ նա դատապարտվել էր 2013թ. հունվարի 12-ին «Համաներման մասին» Վրաստանի օրենքով նախատեսված հանցանքի համար», - ասվում է հայտարարության մեջ:
Թեմն առանձին քաղաքական գործիչներին կոչ է անում «կարճատեւ քաղաքական նպատակների համար չօգտագործել մեր բազմազգ հայրենիքի խաղաղությանը եւ անդորրին, ինչպես նաեւ մեր եղբայրական հայ եւ վրաց ժողովուրդների հարաբերություններին անմիջականորեն առնչվող նման հարցեր»:
Հիշեցնենք, որ Վրաստանում հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատումը հարուցել էր նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության բացասական արձագանքը: Սկզբում կուսակցության առաջնորդ Վանո Մերաբիշվիլին հայտարարել էր, որ իշխանություններն ազատել են «Վրաստանի պետականության թիվ մեկ թշնամուն» եւ ռուսական լրտեսին: Նախագահ Սահակաշվիլին էլ Չախալյանին համեմատել էր Աբխազիայի առաջնորդ Վլադիսլավ Արձինբայի հետ:
Իրավիճակը մեկնաբանելով` Վրաստանի պատիժների իրագործման, պրոբացիայի եւ իրավաբանական օգնության նախարար Սոզար Սուբարին նկատել է, որ Չախալյանը չի մեղադրվել «Միասնական ազգային շարժման» նշած հոդվածներով: Չախալյանն անձամբ հայտարարել է, որ ճաղերի հետեւում է հայտնվել հանուն ջավախահայերի իրավունքների պայքարի:





























