Խաղաղության եւ անվտանգության ապահովման համար առաջին հերթին անհրաժեշտ է մարտունակ բանակ: Նման տեսակետ է հայտնել Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը` պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչ է նրա համար Բանակի օրը եւ Զինված ուժերի կազմավորման տարեդարձը:
«Բանակը եւ Զինված ուժերն ինձ համար ամեն ինչ են, մեր երեխաներն են», - ընդգծել է Միքայել Հարությունյանը` հավելելով, որ Զինված ուժերը անկախ Հայաստանի առավել լիարժեք ձեւավորված կառույցն է: «Մեր բանակը պետության եւ ժողովրդի անվտանգության երաշխիքն է, որը ստեղծվել է 21 տարի առաջ, եւ այժմ ամենաուժեղն է տարածաշրջանում», - նշել է գլխավոր ռազմական տեսուչը: Ըստ նրա` շատ կարեւոր է, որ բանակի զարգացման գործին մասնակցեն ոչ միայն զինվորականները, այլեւ ողջ ժողովուրդը, որպեսզի ռազմահայրենասիրական դաստիարակությունը սկսվի դպրոցից, շարունակվի բուհում:
«Մեր բանակին ցանկանում եմ միշտ լինել մարտունակ, սակայն մարտի դաշտում չկիրառել ստացած գիտելիքները: Պարզ ճշմարտություն է` եթե խաղաղության համար մարտունակ բանակ է հարկավոր», - ամփոփել է Միքայել Հարությունյանը:





























