Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է երեկ` հունվարի 28-ին 43-ամյա Սերգեյ Գալստյանին սպանած անձի ինքնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից: Սակայն ոստիկանությունը դեռեւս չի հրապարակում այդ անձի ինքնությունը:

Ավելի վաղ նշվել էր, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Սարի Թաղի 20-րդ փողոցի թիվ 112 հասցեում գտնվող կրպակի դիմաց անհայտ անձը հրազենից կրակել եւ սպանել է Ս. Գալստյանին: Հունվարի 28-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի առաջնային մակերեսի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 43-ամյա Սերգեյ Գալստյանի  դիակը:

NEWS.am-ի թղթակցին հայտնի  էր դարձել  նաեւ, որ կողմերի միջեւ վիճաբանության պատճառ են դարձել երեխաները: Ըստ այս թաղամասի բնակիչների, Սերգեյ Գալստյանին կրակողը Օդուլ մականունով Էդիկն է, ով ապրում է երկու փողոց այն կողմ: Վերոնշյալները թաղամասում հայտնի են՝ որպես հեղինակություններ: Ըստ զրույցների, Սերգեյ Գալստյանի քրոջ երեխաները վիճել են Էդիկի երեխաների հետ, ապա բանը հասել է մեծերի միջամտությանը: Օդուլն ու Սերգոն հանդիպել են վիճաբանել, Օդուլն էլ գործի դրել իր մոտ եղած հրազենը: Թե ինչ տեսակի զենք է գործադրվել, դեռ հայտնի չէ: