Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանն իրար կապող երկաթգծի շահագործումը կնպաստի քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական խնդիրների կարգավորմանը: Այս մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «Վրաստան եւ Ռուսաստան. հումանիտար իրավիճակը հակամարտության եւ պատերազմի արդյունքում տուժած տարածքներում» հարցի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարել է հայկական պատվիրակության անդամ Վահե Հովհաննիսյանն` անդրադառնալով Աբխազիայի տարածքով անցնող երկաթգծի վերագործարկման հարցը, որն արդեն 20 տարի է՝ չի շահագործվում:
ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել են նաեւ «Ադրբեջանի կողմից պարտավորությունների եւ հանձնառությունների հարգումը» եւ «Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը» զեկույցները, որոնցից առաջինն ընդունվել է:
Այսօր` հունվարի 29-ին, ամփոփելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի արդյունքները, հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ զեկույցները համապատասխանաբար մշակել են մոնիտորինգի եւ իրավական հարցերի հանձնաժողովները: «Ադրբեջանի կողմից պարտավորությունների եւ հանձնառությունների հարգումը» զեկույցի վերաբերյալ հայկական պատվիրակության անդամներն ունեցել են չորս ելույթ, ներկայացրել պատվիրակության դիրքորոշումները: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն անդրադարձել է մոնիտորիգի հանձնաժողովի երկու զեկուցողների նախապատրաստած նյութին, որում ակնհայտ զգացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի փաստարկների օգտագործումը: Դավիթ Հարությունյանը նկատեց, որ նրանք դիտավորյալ աղավաղել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության անվանումը՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե խնդիրը վերաբերում է, Լեռնային Ղարաբաղի հետ կապված, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճին: Քանի որ զեկույցում չեն ներառվել հայկական կողմի առաջարկները, ուստի ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները ներկայացրել են հատուկ կարծիք, որը, որպես հավելված, կցվել է զեկույցին:
Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հղում կատարելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված զեկույցներին, նշել է, որ ԵԽԽՎ համազեկուցողների ներկայացրած զեկույցը չի արտացոլում ադրբեջանական իրականությունը:
Պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանն իր ելույթում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույցում տեղ գտած սխալներին եւ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման առնչությամբ ադրբեջանական կողմի հնչեցրած սպառնալիքներին: Արմեն Ռուստամյանը խոսել է նաեւ Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ իր ելույթը եւս վերաբերել է «Ադրբեջանի կողմից պարտավորությունների եւ հանձնառությունների հարգումը» զեկույցին: Նա նկատեց, որ համազեկուցողները որեւէ կերպ անդրադարձ չէին կատարել ինչպես Սաֆարովի աղմկահարույց գործին, որը քննարկվել էր նաեւ ԵԽԽՎ -ում եւ արժանացել շատ խիստ գնահատականների, այնպես էլ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի զեկույցներին, որտեղ խոսվում է հայատյացության սերմանման մասին:
Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ քննարկվել են նաեւ այլ հարցեր:
Պատվիրակության անդամները պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանին շնորհվել է ԵԽԽՎ մեդալ եւ պատվավոր անդամի կոչում, իսկ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն ընտրվել է ԵԽԽՎ կանոնակարգի եւ անձեռնմխելիության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:





























