Մեծ Բրիտանիայի Հարավային Յորքշիր կոմսության Բարնսլի քաղաքի երեք տարեկան բնակիչ Շերվին Շարաբին հայտնվել է Mensa-ի «հանճարների հասարակության» ցանկում, որը միավորում է աշխարհի ամենախելացի մարդկանց:

Փոքրիկ տղան ինտելեկտի մակարդակի (IQ) թեստ է հանձնել եւ 136 բալ հավաքել, այն դեպքում, երբ հասուն մարդկանց համար այդ ցուցանիշը կազմում է 100 բալ, իսկ հատուկ ունակություններ ունեցողների համար` 130 բալ, հաղորդում է Sky News-ը:

Շերվինը սկսել է խոսել 10 ամսականից, իսկ 20 ամսականում արդեն կարողացել է բարդ նախադասություններով բացատրվել: Այժմ նա կարողանում է հաշվել մինչեւ 200-ը, քարտեզի վրա ցույց տալ ցանկացած երկրի տեղն ու ցույց տալ այդ երկրի դրոշը:

«Նա զարմանալիորեն բազմագիտակ է, գիտի ամեն ինչ: Ես ինքս երբեք նրան չեմ ստիպել ինչ-որ բան սովորել: Նա ինքն է մոտենում եւ հարցեր տալիս»,-պատմել է 3-ամյա երեխայի 36-ամյա մայրը, նախկին ուսուցչուհի Ամանդա Շարաբին:

Մտավոր զարգացվածության նման բարձր մակարդակը նման փոքր տարիքում շատ հազվադեպ է հանդիպում: Այսպես, Մեծ Բրիտանիայում կա Mensa-ի շուրջ 22 հազար անդամ եւ նրանցից միայն 100-ն են մինչեւ 10 տարեկան, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Այդուհանդերձ, Շերվին Շարաբին չի կարողացել գերազանցել գոյություն ունեցող ռեկորդը: Նշենք, որ 2011 թվականի ամռանը բրիտանական հեռուստավիկտորինայի ութակի հաղթողի 3-ամյա դուստրը` Սաֆրոն Փլեջերը, նույն IQ թեստով հավաքել է 140 բալ, սակայն դա էլ սահմանը չէ: 2009-ին Mensa-ում ընդգրկվել է լոնդոնցի Էլիզ Թան Ռոբերթսը, ով հավաքել է 156 բալ, ով այդ ժամանակ ընդամենը 2 տարեկան 4 ամսական է եղել: