Հանրապետության ֆինանսական շուկայում մի տարօրինակ իրավիճակ է ստեղծվել «ԱրՔա» (Արմենիան Քարդ) պրոցեսինգային համակարգի գործունեության պատճառով: «ԱրՔա»-ն հաղորդագրություններ է ուղարկում առեւտրային բանկերին՝  զգուշացնելով ծրագրային ապահովման աշխատանքների պատճառով քարտային սպասարկման ժամանակավոր սահմանափակումների մասին: Ենթադրվում է, որ բանկերն իրենց հերթին այդ մասին տեղյակ կպահեն իրենց հաճախորդ քարտապաններին, սակայն բանկերի մի մասը դա անում է, մի մասը՝ ոչ: Կամ՝ հաճախորդների մի մասը տեղեկացվում է, մի մասը՝ ոչ: Ես, օրինակ, երկու բանկի հաճախորդ եմ, ու նրանցից միայն մեկն է զգուշացրել քարտերի տրամադրման ժամանակավոր դադարի մասին: Ունեմ ծանոթ, որ 3 տարբեր բանկերից քարտ ունի, ու ոչ մեկից ծանուցում չի ստացել:  Բայց չէ՞ որ այսօր բանկային քարտեր ունեն հարյուր հազարավոր հայաստանցիներ, արդյոք նրանց իրավունքների խախտում տեղի չի ունենո՞ւմ: Ի՞նչն է խանգարում «ԱրՔա»-ին՝ իր անունից հրապարակայնորեն հանդես գալ պարզաբանումներով:

Սրանով խնդիրները չեն վերանում: Ըստ երեւույթին՝ «ԱրՔա»-ն տարբեր բանկերի տալիս է տարբեր պարզաբանումներ, ինչի հետեւանքով ստեղծվում է խառնաշփոթ; Օրինակ՝ «Ամերիաբանկը» իր հաճախորդներին ուղարկել է «ԱրՔա»-ի մամուլի հաղորդագրության պատճեն, ըստ որի՝ «Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոնը ս.թ. հունվարի 29-ից ժամանակավորապես կդադարեցնի նոր քարտերի թողարկումն ու քարտերի փոխարինումը: Հայաստանի բանկերի միությունը NEWS.am-ին հաղորդագրություն է ուղարկել, որ «ԱրՔա»-ն հունվարի 29-փետրվարի 14-ը նոր քարտեր չի տրամադրի, սակայն այդ հաղորդագրության մեջ նշում չկա քարտերի փոխարինման մասին: Այնինչ NEWS.am-ն արդեն բողոքներ ունի իր ընթերցողներից այն մասին, որ քարտերի փոխարինում հնարավոր չէ իրականացնել, ու այդ մերժումները տեղի են ունեցել դեռ հունվարի 29-ից առաջ: Բացի այդ՝ հաղորդագրություններում չեն համապատասխանում նույնիսկ ժամկետները՝ թե ինչ ժամկետներում քաղաքացիներին կմերժեն քարտի հարցում:

Երբ NEWS.am-ը հունվարի 25-ին լուր թողարկեց այն մասին, որ «ԱրՔա»-ն ժամանակավորապես դադարեցնում է քարտերի սպասարկումը ու խոստանում խափանումներ, ինձ զանգահարեց ընկերության ներկայացուցիչն ու ասաց, որ ապատեղեկատվություն ենք տարածում: Բայց մեջբերենք «Ամերիաբանկին» «ԱրՔա»-ի տրամադրած հաղորդագրության մի հատված. «Մինչեւ նոր ծրագրային ապահովման անցման գործընթացի ավարտը չեն բացառվում համակարգի բնականոն աշխատանքի խափանումներ (այսպես կոչված «անցումային ժամանակահատվածի» հետ կապված խնդիրներ), որոնք անխուսափելի են  նմանատիպ խոշորածավալ նախագծերի իրականացման ժամանակ»: Այնինչ Հայաստանի բանկերի միության տարածած հաղորդագրության մեջ պարզապես խոսք է գնում այն մասին, որ փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը հնարավոր է համակարգի աշխատանքի ժամանակավոր ընդհատում:

Մենք իհարկե ողջունում ենք «ԱրՔա»-ի ցանկությունը՝ բարելավել ծրագրային ապահովումը, ու հույս ունենք, որ մենաշնորհային այդ կազմակերպության աշխատանքից դժգոհություններն այնուհետ կպակասեն: Սակայն հաշվի առնելով այն գործելաոճը, որ որդեգրել է ընկերությունը (բոլոր մենաշնորհներին յուրահատուկ քամահրանք սպառողի նկատմամբ), դրանում այնքան էլ համոզված չենք:

Սամվել Ավագյան