Երեւանի տրանսպորտի զարգացման ծրագրերի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթայի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ միասին քննարկվել է Երեւանի մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագիրը:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար եւ բարձր գնահատելով Երեւանի մետրոպոլիտենում այժմ ընթացող համատեղ ծրագրի արդյունավետությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է Երեւանի Մետրոպոլիտենի հեռանկարային զարգացման ծրագրի շրջանակում քննարկել նաեւ մետրոյի ընդլայնման հնարավորությունները:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթան եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգն իրենց հերթին, գոհունակություն հայտնելով Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքներից, վստահեցրել են, որ պատրաստակամ են համագործակցության ընդլայնմանը:
Ասիական զարգացման բանկի հայաստանյան առաքելության մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը եւս իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցություն ունենալ հեռանկարային այս ծրագրի քննարկմանը:
Կողմերը պայմանավորվել են իրականացնել մետրոյի ընդլայնման իրագործելիության ուսումնասիրություն:




























