Գիտությանը հատկացվող գումարները քիչ են, բայց ամեն ինչ հարաբերական է. եթե 2007-ին գիտության բյուջեն կազմում էր մոտավորապես 5.6 միլիարդ դրամ, ապա այս տարի այն կազմել է 11.5 միլիարդ դրամ: Աճը բավարար չի, բայց մեր պետությունն ավելին ի վիճակի չի անել, հասկանում եք, չի կարող: Եթե գիտությանը հիմա տար 20 միլիարդ դրամ, ուրեմն պետք է կրճատեր այլ ոլորտներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է ԿԳՆ Գիտության պետական Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

Պարոն Հարությունյան, գիտնականներն անընդհատ լսում են հիմնավորումներ, որ գիտության ֆինանսավորումը քիչ է, որովհետեւ պետությունն ավելի շատ հնարավորություն չունի: Բայց կարծիք կա, որ այդ հիմնավորումները այնքան էլ անկեղծ չեն: Հասկանալի է, իհարկե, որ երկրի բյուջեն այսքան է, սոցիալական ծախսեր կան, բանակ կա, բայց կա նաեւ վերաբերմունքի խնդիր: Ի՞նչ կասեք սրան ի պատասխան:

Համաձայն եմ, գումարները  քիչ են: Այսօր մեզ տալիս են մոտ 25 միլիոն դոլար, բայց եթե տային 150 միլիոն, էլի քիչ էր լինելու, որովհետեւ շատ խնդիրներ կան լուծելու:  Մենք ունենք  բազմաթիվ սոցիալական խնդիրներ, երկրի անվտանգության ապահովման խնդիրներ, ի վերջո ունեցել ենք աղետի գոտի…

Եթե աշխարհագրական դիրքով մենք գտնվեինք Եվրոպայի մեջտեղում, չունենայինք հարեւան թշնամի պետություն, ես կկիսեի ձեր կարծիքը: Իհարկե, լավ կլիներ, որ ֆինանսավորումը շատ լիներ, բայց պետք է հասկանալ՝ ինչու է քիչ:

Ես ուղղակի ուզում եմ ասել, որ «փող չկա» արտահայտությունը այդքան էլ անկեղծ չի, երկրում փող կա որոշ չափով, ուղղակի Ճիշտ չի բաշխված… Եթե իմ կամ գիտնականի ու իշխանավորների կենսամակարդակի միջեւ հսկայական տարբերություն կա, ուրեմն այս երկրում ինչ-որ բան սխալ է կառուցված: Եթե սուղ են միջոցները, նրանք սուղ են բոլորի համար:

Ես էլի եմ ասում, գումարները քիչ են, բայց ամեն ինչ հարաբերական է. եթե 2007-ին գիտության բյուջեն կազմում էր մոտավորապես 5.6 միլիարդ դրամ, ապա այս տարի այն կազմել է 11.5 միլիարդ դրամ: Աճը բավարար չի, բայց մեր պետությունն ավելին ի վիճակի չի անել, հասկանում եք, չի կարող: Եթե գիտությանը հիմա տար 20 միլիարդ դրամ, ուրեմն պետք է կրճատեր այլ ոլորտներից:

Ամեն դեպքում կան ծախսեր, որ կարելի էր պակասեցնել գիտության նման այդքան կարեւոր ոլորտին աջակցելու համար:

Ես շատ լավ գիտեմ, որտեղ ինչ գումարներ են ծախսվում, ուրիշ բան, որ գումարների փոշիացման խնդիրներ կան, շատ-շատ բաներ կան…Բայց այս ամենին պետք է ոչ թե սարկազմով մոտենալ, այլ օգնել նպաստելու խնդիրների լուծմանը: Ես ինքս իմ ղեկավարած ոլորտում ամեն ինչ անում եմ, որպեսզի գումարները չփոշիանան:

Այո, գումարները շատ տեղերում օպտիմալ ձեւով չեն ծախսվում: Դա կա: Պետությունն ունի իր խնդիրները, դրանք բոլորը հարկավոր է լուծել, բայց լուծել հանգիստ, ոչ թե ագրեսիվ մեղադրանքներով: Այս տարի մենք ուզում էինք կոչումների համար հատկացվող գումարներն ավելացնել: Դոկտորներին տրվող 20 000 դրամն ուզում էինք դարձնել 50 000, թեկնածուներինն էլ` 30 000, բայց չկարողացանք անել, չկարողացանք գումար գտնել:

Իսկ պաշտպանության գումարներից գիտությանը հատկացումներ արվու՞մ են:

Իհարկե:

Մեղադրանքներ են հնչում, որ գիտահետազոտական ինստիտուտներում աշխատավարձերը ցածր են նաեւ տնօրենների մեղքով, այսինքն՝ իրենք կարող են ավելի շատ վարձատրել, բայց չեն անում, «մեռյալ հոգիներ» կամ «թոշակառուներ» են պահում, եւ այլն: Կա այդպիսի՞ բան:

Երեւի կա, ու այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել օպտիմալացում: Իրոք կան այդպիսի մարդիկ, որ ոչնչով չեն զբաղվում: Բայց նրանք շատ չեն:

Այսօր Հայաստանում գիտության ոլորտում ընդգրկված աշխատողների թվաքանակը մոտ 6,5 հազար է: Դրա մեջ մտնում է նաեւ սպասարկող անձնակազմը, այսինքն՝ գիտությամբ զբաղվողների թվաքանակը դրա կեսն է կազմում: Ցանկացած երկրում արդյունավետ աշխատող գիտաշխատողների հետ նաեւ ֆոն է լինում 1/3 -2/3 հարաբերակցությամբ: Ես համոզված եմ, որ Հայաստանում այդ 3-4 հազար գիտաշխատողների մեջ լուրջ աշխատողների թիվը ավելի շատ է, քան այս հարաբերակցությունը: Այսինքն, այստեղ մենք խնդիր չունենք:

Պետությունը կարո՞ղ է վերահսկել, որ տնօրեններն ինչ-որ գումարից ցածր գումար չտան:

Տնօրենները չեն կարող վարձատրել ավելի ցածր, քան երկրում նվազագույն աշխատավարձն է: Մեր կողմից ինստիտուտներին կարող ենք տրամադրել հաստիքների սանդղակները, սակայն մենք պարտադրելու լիազորություններ չունենք, որովհետեւ ըստ գործող օրենսդրության աշխատավարձերը որոշում են տնօրենները: Մենք կարող ենք միայն առաջարկել:

Բայց մենք մի ուրիշ բան արեցինք: Նախկինում, երբ գիտնականը ձեւակերպված էր բազային ֆինանսավորման ցուցակներում, նա դրամաշնորհային ծրագրերից գումարներ չէր ստանում: Մենք այդ պայմանը վերացրեցինք: Եթե գիտնականը կարող է բազայինից բացի նաեւ դրամաշնորհային ծրագիր իրականացնել, միջազգային կամ ինովացիոն ծրագրերին մասնակցել, մենք չենք սահմանափակում: Այսինքն, գիտնականը կարող է 3-4 պետական ծրագրերից ֆինանսավորվել:

100 լավագույն գիտնականների ծրագիրը կներկայացնե՞ք:

Ծրագիրն այդպես չի կոչվում, այլ՝ «100 առավել ակտիվ աշխատող գիտնականների ծրագիր»: Խոսքը վերաբերում է վերջին 5 տարիների ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած գիտնականներին: Որոշման համար մենք ընտրել ենք 10 տարբեր չափանիշներ` հոդվածների թիվը, որ ամսագրերում են տպագրվել, հղումների քանակը, իր ունեցած ասպիրանտերի թիվը, շահած դրամաշնորհների քանակը եւ այլն: Այս բոլորը կվերածվի միավորների: Գիտության ոլորտներին, ըստ տեսակարար կշիռների, կտրվեն քվոտաներ: Օրինակ, այսօր ամենաշատ ռեյտինգ ապահովողները ֆիզիկոսներն են, իրենց այդ 100-ի մեջ տրված են ամենաշատ տեղերը:

Իսկ եթե առանց քվոտաների, ուղղակի բացարձակ թվով նայե՞նք:

Այդ դեպքում կարող է քվոտաների մեծ մասը ֆիզիկոսները շահեն:

Այդ դեպքում չի՞ ստացվում, որ ֆիզիկոսների մեջ լավ գիտնականներ կանտեսվեն, իսկ այլ ոլորտներում ավելի վատ ցուցանիշներ ունեցող գիտնականները կշահեն:

Մենք պարտավոր ենք բոլոր ոլորտները հարգել: Պետության համար բոլորը հավասար պիտի լինեն:

Եվ ի՞նչ ձեւով են խրախուսվելու այդ ակտիվ աշխատող գիտնականները:

Ովքեր կհայտնվեն այդ ցանկում, կստանան ամսական 100 հազար դրամ հավելավճար՝ մեկ տարի կտրվածքով: Հաջորդ տարի նորից մրցույթ կլինի: Մրցույթի պայմանները մենք կհայտարարենք, յուրաքանչյուր գիտնական կարող է մտնել Thomson Reuters, հաշվել իր միավորները եւ, ըստ սեփական գնահատականի, կարող է դիմել:

Կներկայացնե՞ք հայագիտության զարգացման ընդունված հայեցակարգը:

ՀՀ կառավարության 2012 թվականի համապատասխան որոշումներով ընդունվել է հայագիտության մինչեւ 2025 թվականը զարգացման հայեցակարգ եւ հայագիտության հիմնադրամ ստեղծելու մասին որոշում: Մշակվել է գործողությունների պլան՝ հիմնվելու են հայագիտական հանդեսներ, լինելու են գիտաժողովներ, հատուկ ասպիրանտական ծրագրեր, օրինակ, օսմանագիտության ոլորտում, կամ ծագումնաբանության ոլորտում: Այսօր մենք սեպագրեր կարդացողների պահանջ ունենք: Հայագիտությունը հայտարարված է գերակա ոլորտ, իսկ դա ենթադրում է նաեւ հատուկ ֆինանսական հոսքեր: Ես կարծում եմ այս ամենն արված է նույնիսկ ուշացումով, կարելի էր ավելի շուտ անել:

Ծրագրեր կա՞ն ուսանողներին արտերկիր սովորելու ուղարկելու՝ օրինակ, հենց նույն սեպագիր կարդալու, կամ օսմանագիտություն ուսանելու:

Այո, օրինակ, սեպագրեր կարդալու համար, ցեղասպանագետներ պատրաստելու համար, օսմանագիտության համար մասնագետներ կուղարկվեն տարբեր երկրներ: Շատ հավակնոտ ծրագիր է, կան բաներ, որ դժվար է լինելու անել:

Ի՞նչ մեխանիզմներ կան գիտնականների աշխատանքները գնահատելու համար: Հայագիտության ոլորտում, ընդհանրապես, հասարակական գիտությունների ոլորտում խնդիրներ չե՞ն առաջանում, քանի որ այստեղ չափանիշներն այդքան հստակ չեն, ինչպես բնագիտական ոլորտում, ու նաեւ նեղ ոլորտների մասնագետների խնդիր կա:

Ոչ, մենք ունենք փորձագետների շատ լավ խումբ՝ եւ՛ տեղական, եւ՛ արտասահմանցի գիտնականներից կազմված, որը գնահատում է աշխատանքները: Մեր բոլոր տեղական ծրագրերը փորձաքննություն են անցնում նաեւ դրսի մասնագետների մոտ, որպեսզի չասեն, «խնամի- ծանոթ –բարեկամ» սկզբունքով է արվում: Որոշ ոլորտների փորձաքննությունները արվելու են հիմնականում դրսում:

Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ նախատեսում եք ստեղծել ինովացիոն կենտրոն: Ի՞նչ կենտրոն է դա լինելու:

Ինովացիոն կենտրոն մենք իսկապես ուզում ենք ունենալ, նախնական բջիջներն առկա են, երեւի ապագայում կստեղծենք, դա հիմնադրամի նման մի բան կլինի, որը հնարավորություն կտա առեւտրայնացնել գիտության արդյունքները: Հիմնադրամի հիմնական գործառույթը պետք է լինի գտնել գործընկերներ, աշխատել մասնավոր սեկտորի հետ: Այդ կենտրոնի ստեղծումը նախատեսված է գիտության զարգացման ռազմավարությամբ: Հնարավոր է, որ այն սկսի գործել 2014-15 թթ, երբ հիմնադրվի հետազոտական համալսարանը:

Գիտության հանրայնացման խնդիրը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:

Այդ հարցով էլ մենք շատ լուրջ զբաղվել ենք, եւ որոշակի քայլեր արել ենք:

Անցյալ տարվանից հրատարկվում է «Գոլոս Արմենիի» թերթի «Մոստ» կոչված հավելվածը, որը տպագրվում է ամիսը մեկ անգամ պետական գումարներով, եւ ամբողջությամբ նվիրված է գիտությանը: Հավելվածում տեղ են գտնում ոչ միայն տեղական լուրեր, այլ նաեւ համաշխարհային գիտության վերջին ձեռքբերումների մասին նյութեր, եւ թերթն առաքվում է աշխարհի 70 երկիր:

Երկրորդը, այս տարի առաջին անգամ մենք գումարներ ենք նախատեսել հեռուստատեսային հաղորդումներ պատրաստելու համար: Հ1-ի հետ միասին գիտահանրամատչելի հաղորդումներ ենք պատրաստելու: Ամիսը մեկ անգամ կես ժամանոց հաղորդում է լինելու: Սկզբից կլինեն ինտերակտիվ հաղորդումներ, կլոր սեղաններ, ընդհանուր խնդիրների քննարկումներ, այնուհետեւ արդեն Discovery-ի ոճի հաղորդաշարեր կպատարաստենք:

Հիշեցնենք, որ հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

Անահիտ Սարգսյան