Անգլիայում եւ Ուելսում անգլերենից հետո առավել հաճախ հնչող լեզուն լեհերենն է: Այսպիսին են Մեծ Բրիտանիայում 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալները: Երկրի վիճակագրության ազգային ծառայություն տվյալներով` մոտ կես մլն մարդ լեհերենը համարել է իր «հիմնական լեզուն»: Լեհերենին հաջորդում են փենջաբին եւ ուրդուն:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, փորձագետներն այդ թվերը կապում են Արեւելյան Եվրոպայի երկրներից ներգաղթի հետ: Վերջին 10 տարում, երբ այդ երկրներն անդամակցեցին Եվրամիությանը, Մեծ Բրիտանիա է ժամանել մոտ մեկ մլն ներգաղթյալ:
Մարդահամարի տվյալներով` երկրի 92 տոկոսի (50 մլն) համար հիմնական լեզուն անգլերենն է, սակայն մնացած 8 տոկոսը (4 մլն) խոսում է այլ լեզվով: Նրանց մեծ մասը շատ լավ հասկանում է անգլերեն, սակայն 726 հազարը վատ է տիրապետում անգլերենին, իսկ 138 հազարն ընդհանրապես չգիտի անգլերեն:
Մարդահամարի արդյունքները ցույց են տվել նաեւ, որ Լոնդոնի բնակիչների 22 տոկոսի համար (1,7 մլն) շփման լեզուն անգլերենը չէ:





























