Մոսկվայի Չերյոմուշկինի շրջանային դատարանն, այսօր` հունվարի 31-ին, եւս երկու ամսով երկարաձգել է Մոսկվայի պետհամալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի ուսումնական գծով փոխդեկան Միխայիլ Բաշարաթյանի եւ Աշխատանքի եւ սոցիալական հարաբերությունների ակադեմիայի փիլիսոփայության ամբիոնի ղեկավարի տեղակալ Վիկտոր Բարիսի կալանքի ժամկետը: Նրանք մեղադրվում են խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ, հաղորդում է «ՌԱՊՍԻ»-ն:
Քննության տվյալներով` Բաշարաթյանն ու Բարիսը 30 հազար եվրո են պահանջել Թիմերլան Ջազաեւից` գիտական թեզի հաջող պաշտպանության համար: 2012-ի հոկտեմբերի 30-ին 1 մլն ռուբլին փոխանցելու պահին Բաշարաթյանն ու Բարիսը ձերբակալվել են:
Դատարանը 2012-ի նոյեմբերի 1-ին եւ 2-ին բավարարել է քննության հայցը եւ կալանքի որոշում կայացրել այդ երկու անձանց նկատմամբ: Ավելի ուշ կալանքի ժամկետը երկարաձգվել էր մինչեւ հունվարի 31-ը:





























