Անդրիաս Ղուկասյանը չի հետեւելու նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին եւ ինքնաբացարկի դիմում չի ներկայացնի: Այդ մասին նախագահի հացադուլավոր թեկնածուն ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Ես հացադուլով բողոքարկում եմ քարոզարշավը, որին մասնակցում է այն թեկնածուն, ով իրավունք չունի մասնակցելու, մինչեւ ընտրության օրը եւ քվեարկության արդյունքների ամփոփումը: Բնականաբար ինքնաբացարկ չեմ հայտարարի»,- նշեց նա:

Հարցին` եթե իր այս քայլը որեւէ արդյունք չտա, ինչ գործողություններ է իրականացնելու, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Ես ու Շանթը (Շանթ Հարությունյանը-խմբ.) շարժում կսկսենք: Շանթի կարծիքն է, որ պետք է անել հեղափոխություն: Առհասարակ, եթե պետությունը չի ապահովում օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները, դրանով դրդում է հանրությանը ընդվզման, որպես ծայրահեղ միջոցի` այդ դրության դեմ պայքարելու եւ երկրում օրինական կարգ հաստատելու»:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է հայտարարել ԳԱԱ շենքի դիմաց եւ պահանջում է, որպեսզի իշխող ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանը դուրս գա ընտրապայքարից: Հունվարի 28-ին նրա հացադուլին է միացել նաեւ նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Հունվարի 25-ին եռօրյա հացադուլով նախագահի թեկնածուին էր միացել նաեւ նախագահի մեկ այլ թեկնածու` Պարույր Հայրիկյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am