2013թ. հունվարի 30-ին Հայաստանի պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (ԱՌՀԻ) գործող «Քաղաքական գիտություն եւ միջազգային հարաբերություններ» 056 մասնագիտական խորհրդի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նիստ է կայացել: Օրակարգում Յուրգինի տեխնոլոգիական ինստիտուտի Հումանիտար կրթության եւ օտար լեզուների ամբիոնի դոցենտ, նախկինում Ստեփանակերտում տեղակայված խորհրդային բանակի 366-րդ մոտոհրաձգային գնդի սպա Վլադիմիր Ալեքսեյի Պոնոմարյովի գիտական թեզի հրապարակային պաշտպանությունն էր «Լեռնային Ղարաբաղի հակամարտության դինամիկան» (1988-1994թթ.) թեմայով՝ պատմական գիտությունների թեկնածուի գիտական կոչում պաշտպանելու համար, «Միջազգային հարաբերություններ» մասնագիտացմամբ:
Գիտական ղեկավարը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԱՌՀԻ-ի գիտնական վերլուծաբան, Հայկական ատլանտյան ասոցիացիայի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանն էր:
Թեկնածուական թեզը շոշափում էր Լեռնային Ղարաբաղում ազգային-քաղաքական հակամարտության ծագման նախադրյալները եւ նախապատմությունը, այդ թվում նաեւ խորհրդային պետականության ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, Ադրբեջանի ագրեսիան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաղթանակը: Լինելով հակամարտության ծագման անմիջական վկա՝ հեղինակն ուսումնասիրել է արցախահայության համար կարեւոր նշանակություն ունեցող այդ ժամանակահատվածը գիտնականին հատուկ անկողմնակալությամբ: Նա հիմնավորապես հերքել է հիմնախնդրի առաջացման պատճառների եւ դինամիկ զարգացման վերաբերյալ ադրբեջանական գիտաքարոզչական թեզիսները, որոնք հիմնականում վերաբերում են Խոջալուի դեպքերին: Ուսումնասիրության արժեքն այն է, որ հեղինակն ուշադրություն է դարձրել Արցախի պետականության ստեղծման եւ կայացման հիմքում ընկած գործընթացներին եւ նախեւառաջ՝ համազգային հանրաքվեին, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման օրինական հիմք դարձավ:




























