Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այս տարի կայցելի Հայաստան, սակայն այցի կոնկրետ ժամկետը ճշտված չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը:
Նա նշեց, որ նախագահի սպասվելիք այցի մասին տեղեկությունները ճշտել են Ֆրասնիայի նախագահական պալատից. «Ճշտված թվական չկա: Բայց Ֆրանսիայի նախագահը 2013թ պետք է այցելի Հայաստան»,- ասաց Հրաչյա Վարժապետյանը` շեշտելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա այցելության ժամանակ երկու նախագահները պայմանավորվել են, որ 2013թ Օլանդը եւս պետք է այցելի Հայաստան` պատասխան այցով: Ինչ վերաբերում է թուրքական «Հյուրիեթի» տարածած տեղեկությանը` Ֆրանսիայի նախագահի ապրիլի 24-ին Հայաստան սպասվող այցի մասին, ապա նա նշեց, որ Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը եւս նշեց, որ այդ թվականը ճշտված չէ: «Թուրքական աղբյուրներն են հաղորդողը, իրենք միշտ կփորձեն ապատեղեկատվություն հաղորդել: Անշուշտ, մենք ուրախ պիտի լինենք, որ Ֆրանսիայի նախագահը ապրիլի 24-ին Հայաստան այցելի եւ ֆրանսիայի ժողովրդի անունից հարգանքի տուրք մատուցի զոհվածներին: Երանի այդպես լինի, պատիվ պետք է զգանք, բայց դա տակավին հասատաված չէ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին, ապա Հրաչյա Վարժապետյանը նշեց, որ այժմ այն վերաշմակվում է միջազգային փաստաբանների կողմից եւ երբ սահմանադրական առումով անխոցելի դառնա, առաջին հարմար պահին, նախագահ Օլանդի խոստման համաձայն, Ֆրանսիայի Կառավարությունը կներկայացմի խորհրդարան: Թե երբ դա կլինի, հայտնի չէ, բայց օրինագիծը պետք է պատրաստ լինի մինչեւ մարտ ամսի:
Հիշեցնենք, որ 2012թ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Մինչ այդ փաստաթուղթն ընդունվել էր ստորին պալատի` Ազգային ժողովի կողմից 2011 թ. դեկտեմբերի 22-ին: Որոշումն իսկական խուճապ առաջացրեց Թուրքիայում: Փետրվարի վերջին սակայն Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծը հակասահմանդրական համարեց, քանի որ այն «սպառնում էր խոսքի ազատությանը»: Իրադարձությունները տեղի էին ունենում Ֆրանսիայի նախագահական ընտրությունների համապատկերում, եւ նախագահի երկու թեկնածուներն էլ` Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը օրինագծի կողմնակիցներն էին: Սահմանադրական խորհրդի որոշումից հետո Սարկոզին նախարարների կաբինետին հանձնարարեց նոր օրինագիծ պատրաստել, սակայն մարտի սկզբին խորհրդարանը դադարեցրեց աշխատանքները` ընտրական գործընթացով պայմանավորված: Ներկայումս սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի վարչակազմը քննարկում է նորացված օրինագծի` խորհրդարան վերադարձնելու հանրավորությունները:





























