Հայաստանի ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող 29-ամյա Ռոման  Արեւշատյանը www.odnoklassniki.ru սոցիալական ցանցում ստեղծել է անձնական էջ եւ գայթակղվելով նոր ծանոթություններ ու ինտիմ հարաբերություններ հաստատելու առաջարկներով  համացանցի պոռնոգրաֆիկ կայքերից ներբեռնել է թվով 128 կոպիտ, գռեհիկ սեռական ակտի եւ սեռական օրգանների պատկերներ եւ ապօրինի տեղադրել իր էջի ֆոտոալբոմներում: Արդյունքում մեկ ամսվա ընթացքում նրա էջ է այցելել 101 հազար 46 օգտատեր: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ: 

Ըստ գործի նյութերի` սկզբում 29-ամյա Ռոման  Արեւշատյանը www.odnoklassniki.ru սոցիալական ցանցում ստեղծել է անձնական էջ եւ սկսել շփվել ցանցում գտնվող տարբեր օգտատերերի հետ: Որոշ ժամանակ անց շարքային Ռոման Արեւշատյանն, այցելելով տարբեր օգտատերերի, նրանց էջերում տեսել է սեռական ակտերի ու սեռական օրգանների տարաբնույթ պատկերներ եւ, գայթակղվելով նոր ծանոթություններ ու ինտիմ հարաբերություններ հաստատելու առաջարկներով, նա իր էջը անվանափոխել է «STATUSS KARTACEQ YES TXA EM 27 лет, EREVAN, Армения» տվյալներով։ 2012թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում նա համացանցի պոռնոգրաֆիկ կայքերից ներբեռնել է թվով 128 կոպիտ, գռեհիկ, նատուրալիստական ձեւով մանրակրկիտ պատկերված սեռական ակտի եւ սեռական օրգանների պատկերներ եւ ապօրինի տեղադրել իր էջի ֆոտոալբոմներում` դրանց դիտումը չսահմանափակելով օգտատերերի համար: Այդկերպ նա համացանցով տարածել եւ գովազդել է պոռնկագրական նյութերը եւ պատկերները։

Նշված ժամանակահատվածում www.Odnoklassniki.ru սոցիալական ցանցում ամբաստանյալ Ռոման Արեւշատյանի էջ է այցելել 10146 օգտատեր։ Ռոմանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Դատարանը եւս քննելով գործը, հունվարի 31-ին ամբաստանյալ Ռոման Արեւշատյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառել՝ դատապարտելով տուգանք 250 հազար  ՀՀ դրամ գումարի չափով։ Իսկ խափանման միջոց կիրառված հրամանատարության հսկողությանը հանձնելը փոփոխել է եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել են ստորագրությամբ չհեռնալը: