Այսօր` հունվարի 31-ին, հեռակոնֆերանս է կայացել Հայաստանի սփյուռքի նախարարության եւ Գլենդեյլ քաղաքում գործող «Նարեկ» կրթամշակութային հաստատության միջեւ (ԱՄՆ, Քալիֆորնիա):
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունել եւ շնորհավորել է «Նարեկ» մշակութային հաստատության ողջ աշխատակազմին` 24-ամյա հայապահպան գործունեության համար:
Կրթօջախի տնօրեն Ռիմա Սարյանը ներկայացրել է «Նարեկի» գործունեությունը, կառուցվածքը, նշել, որ «Նարեկի» ամենօրյա մանկապարտեզ է հաճախում 2-5 տարեկան 90 հայ երեխա` ստանալով գիտելիքներ եւ հայեցի դաստիարակություն: Յուրաքանչյուր տարի մանկապարտեզը դպրոց է ճանապարհում 30-40 երեխա: Իբրեւ մանկական լավագույն հաստատություն` մանկապարտեզն արժանացել է թե տեղի հայության, եւ թե սփյուռքի ու մշակույթի նախարարությունների բարձր գնահատականին:
«Նարեկ» մշակութային հաստատության շաբաթօրյա հայկական դպրոցը, հիմնադրվելով 1989 թվականին, իր գործունեությունը սկսել է չորս աշակերտով: Կարճ ժամանակահատվածում երեխաների թիվը հարյուրապատկվել է եւ այսօր «Նարեկ» դպրոցում սովորում է շուրջ 400 աշակերտ: Ուսուցումը կատարվում է գրական արեւելահայերենով, Հայաստանից առաքված դպրոցական դասագրքերով: Ուսուցիչները Հայաստանում համապատասխան բարձրագույն կրթություն ստացած փորձառու մանկավարժներ են:
Ուսումնառության տարիներին երեխաները սովորում են հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն եւ մշակույթ, ստանում են հայեցի դաստիարակություն:
«Կրթահամալիրը հրատարակում է նաեւ «Նարեկ» մանկապատանեկան ամսագրը, որում տեղ են գտնում ինչպես դպրոցի առօրյային, ընթացիկ միջոցառումներին եւ ծրագրերին վերաբերող նյութեր, այնպես էլ հայ եւ համաշխարհային գրականության: Եվ շատ ուրախալի է, որ նման ամսագիրը սպառում ունի եւ ընթերցվում է ոչ միայն նարեկցիների, այլեւ համայնքային լայն շրջանակներումե,- կարեւորել է տիկին Հակոբյանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ի դեմս «Նարեկ» կրթամշակութային հաստատությունում դասավանդող ուսուցիչների, շնորհակալություն է հայտնել Սփյուռքի հայ մանկավարժներին` իրենց հայապահպան գործունեության համար:
Գերատեսչության ղեկավարն իր երախտիքի խոսքն է հայտնել նաեւ այն ծնողներին, ովքեր ապրելով Հայրենիքից հեռու, այս արագ զարգացող դարաշրջանում ժամանակ են գտնում եւ տեղական դպրոցներին զուգահեռ երեխաներին ուղարկում են մեկօրյա հայկական վարժարաններ: «Ամբողջ շաբաթ ամերիկյան դպրոց հաճախելուց հետո երեխաները շաբաթ եւ կիրակի օրերին սիրով գալիս են հայկական «Նարեկ» եւ այս հեռակամուրջի ընթացքում հնչած հայերենից բոլորի համար հասկանալի է դառնում, թե որքան լավ են տիրապետում իրենց Մայրենիին»,- նշել է սփյուռքի նախարարը:
Հաստատության հիմնադիր տնօրեն Ռիմա Սարյանը հավաստիացրել է, որ Սփյուռքում իրենց հայ պահողը նախեւառաջ Հայրենիքի գոյությունն է. «Չլիներ մեր պետությունը, մենք հեշտությամբ կկորցնեինք մեր ինքնությունըե, - նշել է Սարյանը` հավելելով, որ այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունը մշտապես քաջատեղյակ է հաստատության գործունեությունից եւ աջակցում է իրենց առջեւ ծառացած բոլոր խնդիրների լուծմանը:
Քննարկվել է 2013թ. նարեկցիների «Արի տուն» եւ «Ամառային դպրոց» ծրագրերին առավել մեծ կազմով մասնակցելու հարցը, հնարավորինս հստակեցվեցին մանկավարժների վերապատրաստման, համահայկական փառատոններին, մրցույթներին մասնակցության հարցերը:
Հեռակամուրջին մասնակից ծնողներից մեկը հետաքրքրվել է, թե այս բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում, բացի դասագրքերից, ուրիշ ինչ տարբերակներով են նախատեսում կազմակերպել հայերենի ուսուցումը սփյուռքում, իսկ հաստատության երաժշտության ուսուցչուհին հարցնում էր, թե ինչպես կարելի է ձեռք բերել հայկական ժողովրդական, ազգագրական երգերի ժողովածուներ եւ որակյալ ձայնագրություններ:
Կարեւորելով հարցադրումները` ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշել է. «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ ԵՊՀ գիտնականներն ու ծրագրավորողները համատեղ ստեղծել են Հայկական վիրտուալ համալսարան, որի նպատակն է` օգտագործելով համացանցի հնարավորությունները, համապարփակ հայկական կրթության հնարավորություն տալ աշխարհի տարբեր անկյուններից հայերեն սովորել ցանկացող երիտասարդներին: Այսօր Սփյուռքի հայերը օգտվում են այս հնարավորությունից: Հայաստանում ստեղծվել է «Խոսող Այբբենարան», որն էապես հեշտացնում է մանուկների գործը»:
ՀՀ սփյուռքի նախարարությունը եւս ստեղծել է էլեկտրոնային գրադարան, ուր տեղադրված են համապարփակ տեղեկություններ հայ ժողովրդի պատմության, հայ մշակույթի եւ գրականության, հայկական կառույցների մասին:
Նախարարը հավելել է, որ շուտով «Նարեկ» վարժարան կառաքվի «Գրպանի երգարան» խտասալիկների հավաքածուն, որի մեջ ներառված են հայ երգարվեստի պատմության ընթացքում ստեղծված ամենասիրված 223 երգեր, «Խոսող այբբենարանե եւ մի շարք անհրաժեշտ ուսումնադիդակտիկ պարագաներ:




























