2009 թվականին ամերիկացի զինվորական Բրենդոն Մարոկկոն Իրաքում զրահամեքենայով պայթել է ականի վրա, որի հետեւանքով կորցրել է ձեռքերն ու ոտքերը: 26-ամյա զինվորի կյանքը փրկելու համար 4 անդամահատում են կատարել: Այնուհետեւ բժիշկներն սկսել են պայքարել, որպեսզի այդ կյանքը նաեւ իմաստ ունենա: Բալթիմորում Ջոն Հոփքինսի անվան հիվանդանոցի վիրաբույժները փոխպատվաստել են հիվանդի երկու ձեռքերը: Բրենդոնի մոտ առաջին անգամ թույլ են տվել թղթակիցների մուտքը:

Հիվանդանոցի տվյալների համաձայն` Բրենդոնն առաջին ամերիկացի զինվորն է, ում բոլոր վերջույթներն անդամահատել են եւ 7-րդ ամերիկացին, ում հաջողությամբ ձեռքեր են փոխպատվաստել:

Վիրահատությունը տեւել է 13 ժամ, որին մասնակցել են 16 վիրաբույժներ: 5 հիվանդնաոցներից հավաքված վիրաբույժները աշխատել են անվճար:

Ներկայումս հիվանդն իրեն բավարար է զգում, բայց նրա վերականգնման ուղին երկար ու ռիսկային կլինի: Նյարդերը վերականգնվում են շատ դանդաղ, մոտավորապես ամսական 1 դյույմ (2,54 սմ): Բուժումը կտեւի մի քանի տարի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: