Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այս պահին կոռեկտ չի համարում որեւէ մեկնաբանություն անել ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի պատճառով փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հնարավոր հետաձգման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Տիգրան Մուկուչյանը:
«Այս պահին կոռեկտ չեմ համարում որեւէ մեկնաբանություն անել: Մինչեւ մարդու առողջական վիճակը չհստակեցվի, ճիշտ չէ մեկնաբանություններ անելը»,- նշեց նա` խոստանալով վաղը օրվա ընթացքում անդրադառնալ այդ խնդրին:
Նշենք, որ Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։
Ենթադրվում է, որ ընտրությունների հետաձգվելը կախված կլինի Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից:
Հիշեցնենք, որ Տպագրիչների փողոցում, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ է կատարվել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Այնտեղ է նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը:
NEWS.am-ի թղթակիցը հիվանդանոցից հայտնում է, որ դեպքի վայր են ժամանում բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք: Նախնական տեղեկություններով Պարույր Հայրիկյանի վիճակը միջին ծանրության է: Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Պարույր Հայրիկյանի գիտակցությունը տեղն է, կրծքավանդակի շրջանում է հրազենային վնասվածք ստացել:





























