Բժիշկներն ասացին, որ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը բավարար է, բոլորր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, իսկ մնացած վարկածներին կանդրադառնան վաղը: Այս մասին, քիչ առաջ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով այստեղ է ժամանել տեղեկանալու նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակին, ում վրա կրակել են իր տան դիմաց:

«Ես կարծում եմ կլինեն նաեւ քաղաքական գնահատականներ: Խիստ զայրացնում է այն, ինչ տեղի է ունեցել: Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի գտնենք մեղավորներին: Դրդապատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց մի բան ակնհայտ է, որ սա առաջին հերթին հարվածում է իշխանություններին եւ պետականությանը»,-հայտարարեց վարչապետը:

Հարցին, թե հնարավո՞ր է փետրվարի 18-ին նախատեսված ընտրությունները հետաձգվեն, նա առաջարկեց սպասել մինչեւ վաղը, երբ պարզ կլինի Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը:

«Փառք Աստծո, այս պահի դրությամբ բժիշկները շատ հուսադրող գնահատական են տալիս, բայց մենք պետք է մինչեւ առավոտ սպասենք, գուցե վիրահատության կարիք լինի»,-ասաց Տ. Սարգսյանը:

Հարցին, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Հայրիկյանին, նա արձագանքեց. «Եկեք այդ հարցին անդրադառնանք վաղը»:

Հիշեցնենք, որ Տպագրիչների փողոցում, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ է կատարվել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Այնտեղ է նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը:

NEWS.am-ի թղթակիցը հիվանդանոցից հայտնում է, որ դեպքի վայր են ժամանում բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք: Նախնական տեղեկություններով Պարույր Հայրիկյանի վիճակը ծանր է: Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Պարույր Հայրիկյանի գիտակցությունը տեղն է, անրակի շրջանում է հրազենային վնասվածք ստացել: