Հնարավոր բոլոր վարկածներով մանրամասն քննություն է ընթանալու: Այդ մասին այսօր` փետրվարի 1-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Սբ Գրիգոր Լուսավորիչ » բժշկական կենտրոնում, որտեղ գտնվում է հրազենային վնասվածք ստացած Պարույր Հայրիկյանը:
Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ անձամբ խոսել Պարույր Հայրիկյանի հետ: «Նրա գիտակցությունը տեղն է, փառք Աստծո, ես կարծում եմ` ամեն ինչ բարեհաջող կավարտվի»,-ասաց նա:
Խոսելով վարկածների մասին, ոստիկանապետն ասաց. «Եկեք եզրակացությունները թողնենք հետո: Բժիշկների հավաստմամբ` Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը մանրազնին քննելու է բոլոր վարկածները:
Դեպքից անցել է քառասունհինգ րոպե, եւ այս պահին դեռ չենք կարող որեւէ բան ասել»:
Հարցին` հնարավո՞ր է, որ դա կարող է պատճառ դառնալ նախագահական ընտրությունները հետաձգելու համար, նա արձագանքեց. «Չեմ կարծում, որ նման բան լինի, չեմ կարծում, որովհետեւ այդպիսի խնդիր չկա»:
Հիշեցնենք, որ Տպագրիչների փողոցում, իր տան դիմաց, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ է կատարվել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Այնտեղ է նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը:
NEWS.am-ի թղթակիցը հիվանդանոցից հայտնում է, որ դեպքի վայր են ժամանում բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք: Նախնական տեղեկություններով Պարույր Հայրիկյանի վիճակը միջին ծանրության է: Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Պարույր Հայրիկյանի գիտակցությունը տեղն է, անրակի շրջանում է հրազենային վնասվածք ստացել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























