Հունվարի 31-ի Տպագրիչների 9-ի հասցեում ժամը 23.30-ի սահմաններում մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, ի թիվս բազմաթիվ պաշտոնյանների, այցելել են նաեւ նախագահի թեկնածուները: Նրան այցելած նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տեսել է Պարույր Հայրիկյանին, մի քանի բառ են փոխանակել: «Ես նրան առողջություն մաղթեցին, ինքն էլ ասաց` շնորհակալություն եղբայր, որ այցելել ես: Ամեն դեպքում հայացքը պղտոր չէր, կարծում եմ` թույլ էր, իհարկե, բայց, հուսով եմ, լուրջ սպառնալիք չկա»,- նշեց նախագահի թեկնածուն:
Արման Մելիքյանը Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը գնահատեց հանցագործություն` ուղղված մեր պետականության դեմ:
Թե ում էր ձեռնտու այս ամենը, նա չի շտապում դատողություններ անել անել` սպասելով իրավապահ մարմինների քննության արդյունքներին:
Նախագահական ընտրությունների հնարավոր հետաձգման մասին էլ թեկնածուն չի մտաածում` շեշտելով, որ այժմ ամենակարեւորը Հայրիկյանի առողջական վիճակն է:
Հարցին, արդյոք այս մահափորձը քաղաքական ենթատեքստ ուներ, նա արձագանքեց. «Այս պահին չեմ կարող ասել, սակայն չեմ ուզում վարկածներ շռայլել: Բոլոր դեպքերում սա արդեն քաղաքական հետեւանքներ, քաղաքական իրավիճակի վրա էական ազդեցություն կունենա»:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում, հունվարի 31-ին, ժամը 23.30-ի, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի տան դիմաց, նրա նկատմամբ մահափորձ է կատարվել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները: Այնտեղ էր նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիվանդանոց են ժամանել բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաններ` վարչապետ Տիգրան Սարգսյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք: Այստեղ են եկել նաեւ բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք:





























