Ֆենիքսի գրասենյակում հրաձգություն կազմակերպելու մեջ կասկածվող 70-ամյա Արթուր Դուգլաս Հարմոնին մահացած են գտել: Ոստիկանությունը կարծում է, որ նա ինքնասպան է եղել:
Հարմոնին կասկածում էին Ֆենիքսի կենտրոնում գտնվող գրասենյակում կրակոցներ արձակելու մեջ, որոնց հետեւանքով զոհվել էր մեկ մարդ, երկուսը` վիրավորվել: Ոստիկանությունը հայտնել է, որ Հարմոնի մարմինը հայտնաբերվել էր Մեսա քաղաքում, մարմինց ոչ հեռու ընկած է եղել նրա ատրճանակը, հաղորդում է Reuters-ը:
Ըստ ոստիկանության` 70-ամյա Հարմոնը կրակել էր իրավաբանի մոտ կայացած հանդիպումից հետո, երբ փորձել էին ինչ-որ տարաձայնություններ հարթել: Թոշակառուն կրակել էր Fusion Contact Centers-ի 48-ամյա ղեկավար Սթիվ Սինգերին, որն ստացված վնասվածքներից տեղում մահացել էր, վնասվել էր նաեւ Ֆենիքսի փաստաբանների դաշնային պալատի 43-ամյա ներկայացուցիչ Մարկ Համելզին: Հրաձգության հետեւանքով տուժել էր նաեւ 32-ամյա մի կին, որը պատահաբար գտնվել էր այդ վայրում:
BFM.RU-ն հայտնում է, որ Հարմոնը փաստաբանների գրասենյակին դատի էր տվել, այդ պատճառով էլ ոստիկանները Սթիվ Սինգերի սպանությունը կանխամտածված են համարում:
Կասկածյալի մարմինը հայտնաբերել է լանդշաֆտային դիզայները, որն էլ այդ մասին հայտնել է ոստիկանությանը:





























