Հայաստանի ՊՆ N զորամասի զինծառայող Արտակ Գալստյանին մահացու հրազենային վնասվածք հասցրած կրտսեր սերժանտ Յուրի Գարեգինյանը չի կալանավորվել: Ավելին` չի բացառվում, որ արդեն հարուցված քրեական գործը փոփոխվի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ  կապերի ավագ սպա Մերի Սարգսյանից:

«Դեռ տարբեր վարկածներով քննություն է կատարվում պարզելու համար, թե  նրա արարքի մեջ հանցակազմ կա, թե` ոչ»,- փոխանցեց Մերի Սարգսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է արդեն հարուցված քրեական հոդվածը փոփոխվի, նա պատասխանեց. «Նախաքննություն է կատարվում եւ տարբեր վարկածներ են քննվում, հետեւաբար չի բացառվում»:

Ի դեպ, NEWS.am-ի տեղեկություններով` երբ դիրքերում լարված իրավիճակ է սկսվել տղաները բացականչել են, թե թուրք է, թուրք է: Այդ ժամանակ Յուրի Գարեգինյանը նկատելով Արտակ Գալստյանին գաղտնաբառն է հարցրել եւ պատասխան չստանալուց հետո կրակել է:

Արտակ Գալստյանի սպանության փաստով քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 1-ին մասով` սպանությունը ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ՊՆ N զորամասում ծառայակցի` կրտսեր սերժանտ Յուրի Գարեգինյանի կրակոցից սպանված Արտակ Գալստյանը շատ ջերմ հարաբերություններ է ունեցել նրա հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սոլակ գյուղի գյուղապետ Բադալ Սարգսյանը: Նա փոխանցել էր, որ ինքը սպանության պատճառների մասին տեղեկություններ չունի: «Դեռ ընդամենը վարկածներ են շրջանառվում: Նրանց զորամասի հրամանատարը, որ եկավ մեր գյուղ, ասաց, թե այդ օրը դիրքերում անհանգիստ իրադրություն է եղել եւ մթության մեջ Յուրի Գարեգինյանը կրակելուց իմացել է, թե թուրքի է կրակում: Այնինչ` գնդակը դիպել է հենց Արտակի կրծքին»,- ասել էր գյուղապետը: Ի դեպ, գյուղապետը տեղեկացրել էր, որ Արտակը ծառայության է մեկնել իր զույգ եղբոր հետ: Վերջին անգամ նրանք արձակուրդ են եկել 1.5 տարի առաջ իրենց պապիկի հուղարկավորությանը: Գյուղապետի պատմելով, նրանք սոցիալապես միջին պայմաններում ապրող ընտանիք են, երեք եղբայր են: «Մինչեւ ծառայության մեկնելը հորն էին օգնում, բանվորություն էին անում: Վերին աստիճանի համեստ երեխաներ են: Հրամանատարն էլ, որ եկել էր, ասում էր, որ շատ խելացի, արտակարգ տղաներ են»,- ընդգծել էր գյուղապետը: Հայտնել էինք նաեւ, որ հունվարի 26-ին, ժամը 23:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, N զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Յուրի Հրայրի Գարեգինյանը մարտական դիրքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է հասցրել ժամկետային զինծառայող, ավագ սերժանտ Արտակ Գրիգորի Գալստյանին: