Անցյալ տարեվերջին, երբ քաղաքական դաշտում կոնսուլտացիաներ էին ընթանում եւ քաղաքական ուժերը որոշում էին, թե ինչպես պետք է մասնակցեն նախագահական ընտրություններին, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը առողջական խնդիրներ ուներ եւ առ այսօր հայտնի չէին նրա տեսակետները մի քանի կարեւոր հարցերի շուրջ։
Երկար դադարից հետո Ստեփան Դեմիրճյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Հայկական ժամանակ» թերթին։
Մասնավորապես, ՀԺԿ առաջնորդը հերքել է ՀԱԿ-ից դուրս գալու մասին խոսակցությունները։ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցության, իշխանությունների հետ երկխոսության գնալու հարցի վերաբերյալ ՀԺԿ առաջնորդը նշել է. «Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա եկեք չմոռանանք, ոչ ՀԱԿ-ը հայտարարում էր, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո պատրաստ է երկխոսել իշխանությունների հետ՝ բացառապես արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ։ Բայց դեռ այն ժամանակ էլ մենք ասում էինք, որ պետք չէ պատրանքներ ունենալ երկխոսության հետ։
Կապված ԲՀԿ-ի հետ՝ մեր տեսակետը մնում է նույնը՝ հնարավոր համարելով համագործակցությունը խորհրդարանում, մենք գտնում ենք, որ ավելի խոր համագործակցության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ ԲՀԿ-ն դառնա հստակ ընդդիմադիր ուժ։ Նաեւ մենք միշտ եղել ենք այն կարծիքին, որ ՀԱԿ-ի գործունեությունը չպետք է պայմանավորել իշխանական ուժերի միջեւ եղած հակասություններով, որոնք մի օր կարող են լինել, հետո՝ չլինել»,- մեջբերում է «Հայկական ժամանակը»։





























