Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային այսօր՝ փետրվարի 2-ին, կանչել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն, որտեղ պետք է իբրեւ վկա հարցաքննեն։
Ըստ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության՝ հարցաքննության կանչելու ծանուցումը փետրվարի 1-ի երեկոյան ուղարկվել է Թբիլիսիի քաղաքապետարան, սակայն աշխատանքային օրն արդեն ավարտվել էր, եւ փաստաթուղթը չի հաջողվել հասցեատիրոջը փոխանցել։ Այն, ըստ վերջին տվյալների, քաղաքապետի տուն է տարվել։ Քաղաքապետին հարցաքննության են հրավիրել այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 13.00-ին։
Այնինչ Ուգուլավան հայտնել է, որ ծանուցումն ուշ է ստացել, եւ իր օրն արդեն պլանավորել է. «Վաղվա օրակարգս հագեցած է, սակայն ժամը չորսի սահմաններում կարող եմ քաղաքապետարանում ընդունել քննչական ծառայության աշխատակիցներին եւ պատասխանել նրանց հարցերին», - ասել է քաղաքապետը։
Նա հայտնել է, որ փետրվարի 3-ին նախագահի հետ արտասահման է մեկնում եւ վերադարձից հետո պատրաստ է շարունակել քննության հետ համագործակցությունը։ «Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե չեմ վերադառնա, սխալվում է... Ես նման հաճույք չեմ պատճառի», - ասել է Ուգուլավան, գրում է «Նովոստի Գռուզիա»-ն։
Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության հայտարարության՝ գործը, որի շրջանակում ցանկանում են հարցաքննել Ուգուլավային, վերաբերում է քաղաքային բյուջեից 5 մլն լարի վատնումներին։ Քննության տվյալով՝ այդ գումարը երկու տարվա ընթացքում կեղծ ձեւակերպված «Թբլիլսերվիս գրուփ» ընկերությանը հասանելիք աշխատավարձերի անվան տակ վճարվել է «Միասնական ազգային շարժման» ակտիվիստներին։ «Թբլիլսերվիս գրուփ» ընկերությունը Թբիլիսիի քաղաքապետարանը հիմնադրել է 2006թ.՝ մայրաքաղաքում մաքրման աշխատանքներ կատարելու նպատակով։
Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան հատուկ հայտարարություն էր տարածել, որում Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլիին մեղադրել էր «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներին վախեցնելու ցանկության մեջ։





























