Թուրքական դատարանը ստամբուլահայ հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինին մեղավոր է ճանաչել եւ վճռել, որ նա պետք է 10 հազար լիրա (5500 դոլար) փոխհատուցում վճարի Քազըմ Քարահանին՝ վերջինիս հարվածելու եւ ծունկը կոտրելու համար։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝  դատարանը հայցվորի պահանջը մասնակիորեն էր բավարարել՝ պարտադրելով Հայկո Ջեփքինին՝ հայցվորին վճարել 10 հազար լիրա փոխհատուցում։

Դեպքը տեղի էր ունեցել 2007-ի օգոստոսին։ Ստամբուլում խցանման մեջ հայտնված Հայկո Ջեփքինի եւ մի տաքսուց իջած Քազըմ Քարահանի միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, որը վերաճել էր ծեծկռտուքի։ Ծեծկռտուքից հետո Քազըմ Քարահանը դիմել էր դատարան՝ պահանջելով, որ Հայկոն դատապարտվի եւ իրեն վճարի 45 հազար լիրա փոխհատուցում իրեն ծեծելու եւ ծունկը կոտրելու համար։

Իր հերթին Հայկո Ջեփքինը հակընդդեմ հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ Քազըմ Քարահանն իր վրա էր հարձակվել։ «Նա փորձեց ինձ հարվածել։ Ես բռնեցի նրա ձեռքը եւ նա ընկավ գետին»,-ասել էր Հայկոն։