Վերջին օրերին մամուլում թեժ քննարկումներ են ծավալվում ՀՀ Սյունիքի մարզի արոտավայրերը իրանցի ֆերմերներին վարձակալությամբ հանձնելու հեռանկարի շուրջ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Հունվարի 15-ին այս հարցի շուրջ հուշագիր եւ համաձայնագիր է կնքվել:
ՀՀ Սյունիքի մարզի եւ Իրանի Արեւելյան Ատրպատականի միջեւ կնքված այդ փաստաթղթերը մեր պաշտոնյաները առայժմ հերքում են, ինչից ակնհայտ է դառնում, որ խոսքը մութ գործարքի մասին է: Ի դեպ, ոչխարաբուծության շուրջ հայ-իրանական նախնական համաձայնությունը ձեռք է բերվել ուղիղ երեք տարի առաջ` 2010 թվականի հունվարի 27-ին: Ոչխարաբուծության հարցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի` այդ օրը տեղի ունեցած նիստի օրակարգ մտավ բոլորովին անսպասելի, ինչի պատճառով նիստը մի քանի ժամով երկարաձգվեց: Եվ ընդհանրապես, հայ-իրանական «ոչխարաբուծական» հարաբերությունները լի են տարօրինակություններով»,- գրում է «Հայկական ժամանակը»:





























