Չի բացառվում, որ նախագահի թեկնածու, հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը անհաղթահարելի խոչընդոտ դառնա թեկնածուի համար եւ ընտրությունները հետաձգվեն։ Այդ մասին, այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշել է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը։
Վերջինիս խոսքով` Ղուկասյանը, սակայն, նա նման նպատակ չունի, որ իր առողջական վիճակը վատանա եւ ընտրությունները հետաձգվեն։
Նշենք, որ թեկնածուն արդեն 16-րդ օրն է՝ հացադուլ է անում ԳԱԱ-ի դիմաց «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսով։ «Առողջական վիճակը նորմալ է, ինքն ասում է, որ պայքարի ոգին բարձր է, բայց ոչինչ չեմ կարող ասել, 14-րդ օրից հետո մարդկանց օրգանիզմում սկսվում են տոքսիններ արտադրվել, որոնք հյուծում են հացադուլավորին։ Չեմ կարող ասել, թե որքան կտեւի»,- նշեց Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ մի անհաղթահարելի խոչընդոտ էլ Ղուկասյանի առողջական վիճակը դառնա, Արմեն Գրիգորյանը չբացառեց. «Հնարավոր է, որ իսկապես խոչընդոտ լինի, էլ չասած, թե ինչպիսի հետեւանք կարող է ունենալ հացադուլը նրա առողջության համար»։
Շտաբի համակարգողի խոսքով` բժշկական հետազոտություն է անցել երեկ օրվա ընթացքում, հավանաբար առաջիկայում կլինեն հետազոտության արդյունքները:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք միջազգային կառույցներից արձագանք եղե՞լ է թեկնածուի հայտարարած հացադուլին, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Անդրիասը նաեւ պահանջ է ներկայացրել, որ միջազգային դիտորդները լքեն Հայաստանը։ Մենք հանդիպել ենք հացադուլից առաջ եւ ներկայացրել մեր մոտեցումները, դրանից հետո հանդիպում չի եղել, թեպետ դեսպանատան աշխատակիցներ են այցելում, հետաքրքրվում վիճակով, բայց միջազգային կազմակերպություններից չեն արձագանքել»։ Անդրիաս Ղուկասյանի շտաբը նաեւ հարցումներ եւ հետազոտություններ չեն արել՝ պարզելու թեկնածուի վարկանիշի փոփոխությունը հացադուլից առաջ եւ հետո։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























