Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո նախընտրական քարոզարշավը սկզբի նման հանգիստ եւ խաղաղ չի ընթանա, սակայն ընտրությունների արդյունքը չի փոխվի: Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում այսօր՝ փետրվարի 5-ին, նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ընդհանուր առմամբ, քաղաքագետը միանգամայն թերահավատորեն է վերաբերվում Պարույր Հայրիկյանի նշած սցենարին:
«Եթե տուն գալով տեսնում եք, որ լոգասենյակում ջուր է լցվել, նախքան ենթադրելը, թե Գոլֆստրիմը փոխել է ուղղությունը, հավաստիացեք՝ արդյոք խողովակը վնասված չէ», - իրավիճակն այդպես է բնութագրել Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ մահափորձը ոչ պրոֆեսիոնալ է եղել: Հարձակվողը 20-30 սմ-ից կրակել է անրակին (որն ուժեղ հարվածով կարելի է կոտրել), գնդակը խրվել է փափուկ հյուսվածքներում: «63-ամյա վիրավոր Հայրիկյանըկարողացել է փոխել երկրորդ գնդակի հետագիծը, եւ հանցագործը վրիպել է», - նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ հենց այդպիսին են պաշտոնական հաղորդագրությունները, եւ հրաժարվելով նախքան քննության ավարտը նոր ենթադրություն անելուց:
Ինչ վերաբերում է նրան, թե ում էր ձեռնտու Հայրիկյանի վրա հարձակվելը, ապա քաղաքագետը հիշեցրել է, որ Պարույր Հայրիկյանը չէր կարող հավակնել առաջին, երկրորդ եւ, ամենայն հավանականությամբ, երրորդ տեղերին: Այսինքն՝ խոսքը մրցակցին վերացնելու մասին չէր: Ըստ քաղաքագետի՝ խոսքն ավելի շուտ խորհրդանիշի, թան թե Պարույր Հայրիկյանի վրա կրակելու մասին է, քանի որ նա ինչ-որ չափով Հայաստանի անկախության խորհրդանիշն է: Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքը միջադեպի հետեւանքով չի փոխվի, թեեւ կարող է փոխվել ձայների համամասնությունը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























