«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը չի պատրաստվում դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները 15 օրով հեռաձգելու պահանջով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:
Նա կարծում է, որ փետրվարի 8-ին իր թեկնածությունը հանելն ավելի մեծ բան է, քան ՍԴ դիմելը, որովհետեւ «ՍԴ դիմելով`թողնում ես, որ քո փոխարեն որոշում ընդունեն, իսկ երբ հանում ես քո թեկնածությունը եւ հայտարարում, որ այս ընտրություններն անօրինական են, դա ավելի մեծ բան է»:
«ՍԴ դիմելիս ի՞նչ է փոխվում, իմ քայլը ավելի մեծ քայլ է, ոչ միայն ՍԴ եմ դիմում, ես մեր ժողովրդին եմ դիմում, մեր իշխանություններին եմ դիմում: Եթե ես դուրս եմ գալիս, իմ ՍԴ դիմելու իմաստը ո՞րն է»,- ասաց նա:
Արամ Հարությունյանը նշեց, որ ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը` ՍԴ չդիմելու եւ ընտրությունները ոչ մի օրով չհետաձգելու որոշումը իր համար պարզ էր դեռեւս մի քանի օր առաջ: «Որեւէ երկրում ես չգիտեմ, որ նախագահի թեկնածուի նկատմամբ մահափորձ լինի, ու ինքը սկսի իշխանություններին գովել: Դա ինձ համար մի քիչ անհասկանալի է: Ինքն ասում էր` հանկարծ իշխանություններին չմեղադրեք, դա իշխանություններին է վնաս»,-ասաց նախագահի թեկնածուն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասուլիսում հայտարարել էր, որ Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























