Այս ընտրությունների ելքը կանխորոշված է եւ որեւէ բան Պարույր Հայրիկյանի որոշումից կախված չէր: Այդ մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով Պ. Հայրիկյանի որոշումը` ընտրությունները հետաձգելու հարցով ՍԴ չդիմելու վերաբերյալ: «Գուցե իր անձնականի կամ վարկանիշի հետ կապված էր, սակայն մեծ հաշվով որեւէ միջադեպ ընտրությունների ելքի վրա չէր կարող ազդել: Մենք նման հարցի վերաբերյալ վերաբերմունք չունենք, մեր համար միեւնույն է էս ամեն ինչը»,- ասաց Ա. Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ընտրությունները դադարել են հանդիսանալ իշխանություն ձեւավորելու եւ իշխանափոխություն իրականացնելու միջոց: «Բայց հետաքրքրիր պրոցեսներ կատարվեցին, որոնց մասին ասել եմ հումորով, մեր Սահմանադրության մեջ բացի «անհաղթահարելի խոչընդոտներից» պետք է ավելացնել նաեւ «անսպասելի խթան» տերմինը, երբ ինչ որ միջադեպ կարող է նպաստել այս կամ այն թեկնածուի նկատմամբ շատ ավելի մեծ ուշադրության կամ վարկանիշի «կտրուկ» փոփոխության աճին... Պատրաստվում ենք լրջորեն քննարկել այդ հարցը»,- հավելեց Ա. Վարդանյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am