ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չի դիմելու Սահմանադրական դատարան` փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգելու պահանջով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ դատական համակարգի հետ որեւէ հարցով առնչվելու ցանկություն չունի:

«Իր որոշելիքն է, կուզի, թող դիմի, չի ուզի, թող չդիմի, դրա հետ կապված մեր մարտավարության մեջ որեւէ նոր բան չի մտնելու»,- ասաց նա` անդրադառնալով Պարույր Հայրիկյանի որոշմանը:

Նշենք, որ Հայրիկյանի ՍԴ չդիմելու որոշումից մոտ մեկ ժամ առաջ հրավիրված ասուլիսին Արման Մելիքյանն ասել է, թե իր համար  տարօրինակ կլինի, եթե մահափորձի ենթարկված ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը գոնե երկու շաբաթով ընտրությունները հետաձգելու հարցով չդիմի Սահմանադրական դատարան: Նա նշել էր, որ այս երկուշաբաթյա ժամկետը պահանջ էր կազդուրվելու համար, եթե այդ բանը չի արվում, ուրեմն ճնշումներ են եղել: «Ես տեսա, որ տարատեսակ շահեր ներկայացնող անձինք փորձում են համոզել, որ ինչ իմաստ ունի, ինչի համար է դա անհրաժեշտ: Թող Հայրիկյանը որոշի առանց արտաքին ճնշումների»,- ասել էր Արման Մելիքյանը:

Հայրիկյանի հետ կատարված միջադեպը նա քարոզարշավ չի համարում: «Սա ծրագրերի քարոզարշավ չէր, սա խղճահարության քարոզարշավ էր, վստահ եմ, որ Պարույր Հայրիկյանն այնպիսի կորովի անձնավորություն է, որ կուզենար, որ իրեն խղճալով չընտրեին»,- նշել էր Արման Մելիքյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասուլիսում հայտարարել էր, որ Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:

Նշենք, որ Սահմանադրության 52-րդ հոդվածը տարանջատում չի դնում նախագահի թեկնածուների միջեւ եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու պահանջով, եթե կարծում է, որ անհաղթահարելի խոչընդոտներ են առաջացել թեկնածուներից մեկի համար:  Հայաստանի նախագահական ընտրություններից ոչ ոք դեռ չի հայտարարել ՍԴ դիմելու հնարավորության մասին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am