Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի՝ ընտրությունները հետաձգելու հարցով ՍԴ չդիմելու որոշումը վերջին օրերի, վերջին ժամերի տրամաբանական հետեւանքն էր։ Այդ մասին, այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը։
«Հայրիկյանը նշել է, թե չի դիմելու ՍԴ, թեպետ մյուս թեկնածուներին ասել էր, որ կարող են նրանք դիմել։ Սա վերջին ժամերի տրամաբանական հետեւանքն էր: Այն բանից հետո, երբ Հայրիկյանը հայտարարեց, թե ստիպված է օգտվել ընտրությունները 15 օրով հետաձգելու հնարավորությունից, իսկ հետո սկսեց այլ կարգի հայտարարություններ, պարզ էր շատերի համար, որ պրոցեսը գնում է դեպի ՍԴ չդիմելուն եւ ընտրությունները չհետաձգելուն»,- նշեց Սաֆարյանը եւ հավելեց. ««Ժառանգությունը» ոչ ակնկալել է, որ նման միջադեպ կլինի, ոչ էլ ցանկություն ուներ, որ ընտրական պրոցեսը խաթարվեր որեւէ եղանակով»։
Սաֆարյանի տպավորությամբ` մահափորձը պրոցեսը հետաձգելու նպատակ էր հետապնդում։ «Թերեւս, առանձնապես մեզ համար ոչինչ չի փոխվել, մենք շահագրգիռ կողմ չէինք, որ հետաձգվեր։ Էական էր մեզ համար, որ ընտրական գործընթացը շարունակվի բնականոն, եւ մահափորձը ուշադրություն չշեղի կարեւոր հարցերից։ Դրա արդյունքում փոխվել է թեման, դուրս է մնացել այնպիսի կարեւոր հարց, ինչպիսին ընտրացուցակներն էին, վիժեցվեց մի լավ պրոցես, որ կարող էին փրկել ընտրությունները։ Այն դեպքում, երբ դա չափազանց կարեւոր խնդիր էր։ Մենք պետք է հետամուտ լինենք, որ իշխանությունները երկրից բացակայողների ցուցակը առանձին ներկայացնի»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն էլ նշեց, որ Հայրիկյանի որոշումը իր իրավասությունների շրջանակներում է։ «Մեզ համար ընդունելի կլիներ իր յուրաքանչյուր որոշում, մենք հարգանքով ենք ընդունում որոշումը եւ մաղթում շուտափույթ վերադարձ քաղաքական արշավ»,- նշեց Խուրշուդյանը։
Դիտարկմանը, թե ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել թիկնապահներ տրամադրել նախագահի թեկնածուներին, ինչ են կարծում այդ հարցի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբում, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Մենք ակնկալում ենք, ոստիկանությունից, եթե ունեն օպերատիվ տեղեկություններ, արդյոք թեկնածուների կյանքին վտանգ է սպառնում, եւ որքանով է հիմնավորված թեկնածուների տրամադրումը։ Դա զուտ սպառնալիք չէ միայն թեկնածուներին, այլ ողջ ընտրական գործընթացին»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























