Այն Հայաստանը, որ ստեղծել է Սերժ Սարգսյանը, ամենեւին ապահով չէ, եւ ավելի ապահով չի լինելու, եթե իշխանությունը վերարտադրի իրեն։ Այդ մասին, այսօր` փետրվարի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը։

Ներկայացնելով Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրը, Սաֆարյանը նշեց, թե իրենց գերակայությունը եվրաինտեգրումն է։ «Դա բխում է մեր շահերից, որն ապահով կդարձնի Հայաստանի քաղաքացու կյանքը։ Հայաստանը պետք է ունենա այնպիսի պաշտպանվածություն, որ կարողանա բոլոր դեպքերին ադեկվատ արձագանքել: Պատկերացրեք՝ եթե հանկարծ պարզվի, որ Ռուսաստանն է արել Հայրիկյանի դեմ մահափորձը, Հայաստանի թափը կհերիքի՞ ասելու այդ մասին։ «Ժառանգությունը» գալիս է թույլ չտալու նման ինտերվենցիաներ Հայաստանի ներքին կյանքում, եթե իհարկե խոսում ենք, որ հանցագործությունն ունի արտաքին չափում։ Ես ամենեւին չեմ կարող պնդել, որ դրսից է»,- նշեց Սաֆարյանը։

Վերջինս հիշեցրեց լուստրացիայի անհրաժեշտության մասին, որի վերաբերյալ օրինագիծը «Ժառանգությունը» ժամանակին ներկայացրել էր ԱԺ, բայց չի ընդունվել։ «Ժառանգությունը» տարիներ շարունակ պնդում էր Լուստրացիայի օրենքի ընդունումը։ Դրա միակ նպատակը երկրի անվտանգության մակարդակի բարձրացումն է։ Դա բարձրացնում է երկրի ինքնիշխանության մակարդակը։ Պետք է բացահայտել բոլոր օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներին, Հայաստանը պետք է գնա այդ քայլին, եւ այս միջադեպը (Հայրիկյանի դեմ մահափորձը-խմբ.) գալիս է հաստատելու դա»,- նշեց Սաֆարյանը։