Հայաստանի կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանն, այսօր` փետրվարի 5-ին, ԱԺ-ում ներկայացնելու է կենտրոնի կողմից մշակված հանրային ծառայությունների ոլորտում առաջարկվող բարեփոխումների փաթեթը: Այն ներառում է փոփոխություններ եւ լրացումներ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Էներգետիկայի մասին» օրենքներում եւ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում:
Համաձայն փաթեթի` պարզ լիցենզիա ստացող անձանց համար այլ պետական մարմինների տեղեկացնելու պահանջը հանվել է, փոխարենը լիցենզիա տրամադրող մարմինը ինքն է տեղեկացնում այլ պետական մարմիններին: Լիցենզիա ստանալու համար պահանջվող պետական տուրքը կարող է վճարվել լիցենզիան տրամադրելու մասին որոշումը կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաեւ հանվել է տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի ներկայացման պարտադիր պահանջը:
Հանվել է նաեւ լիցենզիայի կրկնօրինակի ստանալու համար զանգվածային լրատվության միջոցներում հայտարարություն տալու եւ հայտարարությունը հրապարակվելու օրվանից 15 օր հետո դիմելու պահանջը եւ սահմանվել է, որ անձը առանց հայտարարություն տալու կարող է դիմել եւ 3 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ լիցենզիայի կրկնօրինակը:
Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ներկայացված նախագծերով առաջարկվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից հանել ինտերնետ եւ ձայնային ծառայությունների մատուցումը (դրանք դարձնելով ծանուցվող գործունեություն), ինչպես նաեւ ՀԾԿՀ կողմից ներկայացվելիք ժամանակացույցի համաձայն ցանցի կառուցման/շահագործման գործունեությունը մինչեւ 2015 թվականը: Մինչ այդ տեղի կունենա, կրճատվել են ցանցի կառուցման/շահագործման լիցենզիայի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ լիցենզիայի տրամադրման/մերժման ժամկետները:
Հստակեցվել է կարգավորվող կազմակերպությունների ցանկը, որոնք սեփականության օտարման համար պետք է ստանան ՀԾԿՀ համաձայնությունը:
Կրճատվել են տարբեր տեսակի թույլտվությունների տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ թույտվությունների տրամադրման/մերժման ժամկետները (ռադիոհաճախականության, համարների կամ կոդերի զբաղեցման եւ այլն):
Հստակեցվել է լիցենզիայի եւ թույտվությունների մերժման հիմքերը՝ բացառելով ոչ հստակ եւ չհիմնավորված լրացուցիչ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում հայտի մերժումը:
Անհրաժեշտ փաստաթղթերի, ժամկետների եւ մերժման հիմքերի մասով հստակեցվել է պատմականորեն գերիշխող օպերատորի կողմից մենաշնորհային իրավունքով իրեն պատկանող ենթակառուցվածքների այլ կազմակերպություններին օգտագործման իրավունքով տրամադրման կարգերը (ՀԾԿՀ որոշումները):
Էլեկտրաէներգիայի ոլորտում ներկայացված նախագծերով առաջարվել է էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների կառուցման եւ արտադրության լիցենզիաները այսուհետ տրամադրել մեկ լիցենզիայի տեսքով: Այս լիցենզիաների միավորման պարագայում անհրաժեշտություն է առաջանում նաեւ Ջրօգտագործման թույտվությունների տրամադրման ընթացաքագի հստակեցում միայն Հիդրոէլեկտակայանների մասով, մասնավորապես Ջրային օրենսգրքով սահմանվել է, որ ՋԹ-ն տրվում է 1 տարով եւ երկարաջգվում է ՀԾԿՀ-ի կողմից տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետով:
Հստակեցվել եւ արդյունքում միավորվել են նույն աշխարհագրական տարածքում բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցողների իրավունքները բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման իրավասությունները (բաշխման կամ հաղորդման լիցենզիա ունեցող կազմակերպությունից այլեւս չի պահանջվում համապատասխանաբար բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման լիցենզիա ունենալ):
Հստակեցվել է լիցենզավորման համար անհրաժեշտ փատաթղթերի ցանկը, ինչպես նաեւ սահմանվել է փոքր հզորությունների լիցենզավորման համար ավելի կարճ, իսկ մեծ հզորությունների համար ավելի երկար ժամկետներ (20 աշխատանքային օր, 80 աշխատանքային օր, նախկին ընդհանուր 60-ի փոխարեն):
Հանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների եւ էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների գույքի վաճառքի մասով ՀԾԿՀ համաձայնությունը ստանալու պահանջը, փոխարենը սահմանվել է, որ կազմակերպությունները 15 օր առաջ տեղեկացնում են ՀԾԿՀ-ին այդ գործարքի մասին
Կրճատվել են 0.22 կՎ եւ 0.4 կՎ հզորությունների միացման ժամկետները:
6 (10) կՎ բնակավայրերից դուրս, 35 կՎ եւ 110 կՎ հզորությունների միացման համար սահմանվել է, ըստ դիմողի հայեցողության, ՀԷՑ-ի կողմից տեխնիկական պայմանների տրամադրման հնարավորություն, իսկ շինարարական աշխատանքները հնարավոր կլինի իրականացնել ցանկացած այլ կազմակերպության միջոցով:
Ներկայացվող առաջարկների փաթեթի ընդունման դեպքում էլեկտրոնային հաղորդակցության եւ էլեկտրաէներգիայի ենթաոլորտներում բարեփոխումների արդյունքում իրավական ակտերը, բիզնես պրոցեսները, դրանցով պայմանավորված քայլերը, տեւողությունն ու փաստաթղթերը կկրճատվեն եւ կպարզեցվեն:





























