Նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը չի պատրաստվում այրել իր մեքենան` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ՍԴ չդիմելու որոշման պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Վարդան Սեդրակյանը նշեց, որ ինքը նման խոստում տվել է համեմատության առումով, «պետք չէ սրտին մոտ ընդունել»: «Համեմատության համար ասեցի, որ եթե վարկանիշային է, մենք էլ ինչ-որ մի բան անենք: Ես չեմ խոստացել, ես ասել եմ, որ եթե դա վարկանիշի հետ կապված բան է, ամեն մի թեկնածու կարող է մի բան մտածել, անել, բարձրացնել իր վարկանիշը»,- ասաց նա:

Նա իր վարկանիշի բարձրացման համար չի պատրաստվում որեւէ բան անել, չի կարծում, որ իրեն էքստրեմալ իրավիճակներ են անհրաժեշտ, որ իր վարկանիշը բարձրանա: «Հայրիկյանն իր պահվածքով ցույց տվեց, որ իմ մեքենան իրենից թանկ արժե: Ցանկացած մեքենա իր կյանքից թանկ արժե»,- ասաց Վարդան Սեդրակյանը:

Ի դեպ, էպոսագետ ներկայացող նախագահի թեկնածուից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ մեքենա է վարում: «Կարող եք գալ իմ աշխատանքի վայր, իմ մեքենան կանգնած է բակում, այսօր ես աշխատանքի եկել եմ Range Rover Sport մակնիշի մեքենայով, Porsche Cayenne ընդհանրապես չունեմ»,- ասաց նա:

Նշենք, որ այդ մեքենայի գործարանային գինն առանց հարկերի 54 հազար դոլարից է սկսվում:

Անդրադառնալով ՍԴ դիմել-չդիմելու հավանականությանը` Վարդան Սեդրակյանն ասաց, որ այժմ խորհրդակցում է իրավաբանների հետ, եւ եթե հնարավորություն լինի, ապա պատրաստվում է անպայման դիմել ՍԴ: «Ես իմ իրավաբանների հետ կխոսեմ, կտեսնեմ»,- ասաց նա` տեղեկացնելով, որ 2-3 օրից ասուլիս կհրավիրի եւ կհայտնի իր որոշումը:

Հայրիկյանի` ՍԴ չդիմելու որոշումը նրա համար 100 տոկոսով կանխատեսելի էր: Վարդան Սեդրակյանը դա գնահատում է առեւտուր իշխանությունների հետ: «Այս մարդն օգտագործելով այս առիթը, սկսեց ավելին պահանջել իշխանություններից: Երեւի ստացավ, դա պարզելը շատ հեշտ է, առաջիկա մի քանի օրում մեծն սոցիոլոգը կհրապարակի նոր թվեր եւ կպարզի, որ իր ղսմաթն աճել է»,- ասաց նախագահի թեկնածուն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն ասուլիսում հայտարարել էր, որ Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:

Նշենք, որ Սահմանադրության 52-րդ հոդվածը տարանջատում չի դնում նախագահի թեկնածուների միջեւ եւ նրանցից յուրաքանչյուրը կարող է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու պահանջով, եթե կարծում է, որ անհաղթահարելի խոչընդոտներ են առաջացել թեկնածուներից մեկի համար:  Հայաստանի նախագահական ընտրություններից ոչ ոք դեռ չի հայտարարել ՍԴ դիմելու հնարավորության մասին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am