Այսօրվա պետական համակարգը հիմնված է ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) սկզբունքի վրա։ Այդ մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում նշեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն իր հերթին նշեց, որ իրենց մերժում են կուսակցական կրծքանշաններով պաշտոնների նշանակումը։ «Բազմաթիվ լավ անձինք կան, որ կարող են աշխատել։ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ասում, որ բոլոր կադրերին իր հետ բերելու է։ Բոլորը լինելու են իրենց տեղերում, աշխատելու են ըստ ընդունակությունների»,- նշեց Սաֆարյանը: Նա բերեց Վրաստանի օրինակը` նշելով, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի պաշտոնում լավ չի կառավարի, լավ նախագահ չի լինի, հինգ տարի անց հասարակությունը իրեն կասի ցտեսություն։ «Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը, նրա թիմը ի զորու են լուծելու բոլոր խնդիրները»,- արձանագրեց նա։

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է Հովհաննիսյանը գործակցելու Ազգային Ժողովի հետ, որի մեծամասնությունը հանրապետականներ են, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց, թե գոյություն ունեն զսպման եւ արդյունավետ կառավարման մեխանիզմներ: Ստյոպա Սաֆարյանն էլ կատակով հավելեց. «Կարծում եմ` փետրվարի 18-ից հետո ստիպված կլինենք փակել կուսակցության դռները, որ չգրոհեն` անդամակցելու համար: Մի մոռացեք, որ նրանք շատ հնազանդ մեծամասնություն են»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am