ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր` փետրվարի 5-ին, իր ներկայացուցիչների ասուլիսին բոլորին ականկալ ձեւով հայտնվելուց հետո նորից վերադարձել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նրա քրոջ որդին` Վրեժ Զատիկյանը, նշեց, որ այժմ հիվանդանոցում են, Պարույր Հայրիկյանն իրեն լավ է զգում: Ազգականը նշեց, որ չգիտի` Հայրիկյանն այսօր տուն կգնա, թե` ոչ: Ի դեպ, երկու օր առաջ ԱԻՄ առաջնորդը հիվանդանոցից մեկ ժամով տուն էր գնացել:

Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ այսօր նախագահի թեկնածուի դրենաժը հանել են, վիճակը լավ է: Առայժմ հայտնի չէ, թե քանի օր նա կմնա հիվանդանոցում:

Նշենք, որ Պարույր Հայրիկյանը այսօր ժամանել է մամուլի ասուլիսի վայր, որտեղ նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայրիկյանը չի դիմելու Սահմանադրական դատարան` ընտրությունները հետաձգելու խնդրով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հաջողությամբ վիրահատել են:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: