Տաջիկական կովը, որ հատել էր Ուզբեկստանի հետ սահմանը, պատճառ է դարձել երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների սրման համար:

Ուզբեկստանի սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Տաջիկստանին՝ միջպետական սահմանի կոպիտ խախտման մեջ: Նշվել է, որ փետրվարի 6-ին մի խումբ զինված տաջիկական սահմանապահներ ապօրինաբար ներխուժել են ուզբեկական տարածք՝պահանջելով ազատ արձակել իրենց ձերբակալված գործընկերոջը:

Ավելի ուշ սահմանապահները խոստովանել են, որ հատել են սահմանը, քանի որ իրենց տեւական ժամանակ է՝ ինչ ուտելիք չեն տալիս, եւ ստիպված են եղել անասուն գողանալ: Պաշտոնական Դուշանբեն հերքել է այդ հաղորդագրությունը:

Տաջիկական կողմի վարկածով, սահմանի խախտումը կրել է հարկադիր բնույթ. Կովը հատել է ուզբեկական սահմանը, եւ երբ սահմանապահը վազել է նրա ետեւից, նրան ձերբակալել են ուզբեկ գործընկերները:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 9-ին Դուշանբեում հանդիպում է եղել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ՝ լուծելու ստեղծված խնդիրը: