Ատամնաբույժների, ատամնատեխնիկների եւ անշարժ գույքի շուկայի մասնակիցների համար սահմանված արտոնագրային վճարները պետք է վերանայվեն: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային Ժողովի ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, ով նաեւ 2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած արտոնագրային նոր վճարների մասին օրենքի համահեղինակներից է (Հեղինե Բիշարյանի եւ Վարդան Այվազյանի հետ):
«2011 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ արտոնագրային վճարի համակարգը, ու հազարավոր մարդիկ դա ողջունեցին՝ հնարավորություն ստանալով առանց հաշվապահական հաշվառում վարելու օրինական դաշտ մտնել: Մենք առաջարկեցինք փոփոխությունների նախագիծ ընդամենը 3 հոդվածից բաղկացած: Առաջին՝ առաջարկեցինք արտոնագրային հարկման ենթակա շրջանառության շեմը 6 մլն դրամից բարձրացնել մինչեւ 9 մլն դրամ, քանի որ շատ հաճախ այդ շեմը գերազանցվում է տարվա վերջին 1-2 ամիսներին ու ստիպված են լինում հարկման այլ ռեժիմի անցնել: Երկրորդ՝ հնարավորություն տալ արտոնագրային վճարը վճարել ամսական կտրվածքով, այլ ոչ թե եռամսյակային, քանի որ հնարավոր է՝ անձը մեկ ամիս է գործում; Երրորդ՝ արտոնագրային վճարները պետք է տարանջատել ոչ թե ըստ բնակավայրերի, այլ ըստ գոտիների, այսինքն՝ Երեւանի կենտրոնում լինի մեկ այլ վճար, Սովետաշենում՝ մեկ այլ», - պարզաբանեց Հ. Մարգարյանը: Սակայն, նրա խոսքով, ՀՀ կառավարությունը ներկայացրեց 17 հոդվածից եւ 19 էջից բաղկացած նախագիծ, որում հաշվի էին առնված նաեւ ՕԵԿ անդամների առաջարկությունները; Այդպես ՕԵԿ անդամները դարձան օրենքի փոփոխությունների համահեղինակներ, թեեւ արտոնագրային դրույքաչափերի հաշվարկների հեղինակը կառավարությունն է:
Ըստ Հ. Մարգարյանի՝ ատամնաբույժերի ու ռիելթորների համար սահմանված դրույքների կոնցեպցիան տարբերվում է գործունեության մյուս տեսակների դրույքների կոնցեպցիայից: Օրինակ՝ Երեւանի եւ մարզկենտրոնի վճարների միջեւ տարբերությունը ատամնաբույժների ու ռիելթորների համար շատ ավելի քիչ է, քան գործունեության այլ տեսակների համար: Ավելին՝ կա նույնիսկ տեխնիկական վրիպակ՝սահմանամերձ համայնքների համար սահմանվել է ավելի բարձր վճար, քան այլ բնակավայրերի համար:
Հ. Մարգարյանի համոզմամբ՝ ռիելթորների, ատամնաբույժների ու ատամնատեխնիկների համար սահմանված առավելագույն դրույքաչափերը պետք է նվազեցնել, իսկ գոտիավորման չափանիշները՝ վերանայել:





























