ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի արդյունքում վերջինիս վարկանիշը կտրուկ բարձրացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` հավելելով, որ նա այժմ ունի հնարավորություն ընտրություններին 2-րդ, 3-րդ կամ 4-րդ տեղը գրավելու: Թե կոնկրետ որ տեղը Հայրիկյանը կզբաղեցնի, քաղտեխնոլոգը խորհուրդ տվեց դիմել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին: «Ես կանխատեսում չեմ անում, թող Ահարոն Ադիբեկյանը անի, ուրիշի հացին վայիս չեմ լինում»,- նշեց Կարեն Քոչարյանը:

Նա թեկնածուներին դասակարգում է երեք հատվածի` Սերժ Սարգսյան, երեք քաղաքական գործիչ, ովքեր 2-4-րդ տեղերի համար են պայքարել (Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան) եւ մնացած չորս թեկնածուները` Արամ Հարությունյան, Արման Մելիքյան, Վարդան Սեդրակյան, Անդրիաս Ղուկասյան: Նրա խոսքով,  Պարույր Հայրիկյանը, ինչպես ի սկզբանե, այժմ էլ մրցակից է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանին:

Միաժամանակ, Կարեն Քոչարյանը շեշտեց, որ ցինիզմ է ասել, թե Հայրիկյանի հետ կատարվածը PR քայլ էր, բայց, այնումենայնիվ, սովորաբար նման դեպքերը միշտ էլ օբեյկտիվորեն լուրջ աժիոտաժ են բարձրացնում: «Իր անձը գտնվում է ուշադրության կենտրոնում, ինչպես նաեւ` մարդը վիրավոր է, նրան սկսում են այլ կերպ վերաբերվել: Իհարկե, տոկոսները բարձրացել է»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Թե ինչպիսի ազդեցություն կունենա ՍԴ չդիմելու Պարույր Հայրիկյանի որոշումն իր վարկանիշի վրա, ցույց կտան հետագա ընթացքը եւ նախագահի թեկնածուի հետագա քայլերը: Կարեն Քոչարյանը կարծում է, որ եթե Հայրիկյանը հետաձգեր ընտրությունները, ուշադրությունն իր անձի նկատմամբ կնվազեր: Մյուս կողմից էլ, նա կարող է հասկանալ այն մարդկանց, ովքեր ասում են, որ եթե մահափորձն անհաղթահարելի խոչընդոտ չէ, էլ ի՞նչն է խոչընդոտ եւ այլն: «Ժամանակը ցույց կտա, թե որ թեզի կողմնակիցներն են ավելի շատ, երբ կունենանք վերջնական արդյունքը»,- ասաց քաղտեխնոլոգը:

Թե ով կամ ինչն է ազդել Պարույր Հայիկյանի որոշման վրա, նա նշեց, որ չի հավատում, թե նրան ճնշել են: «Այլ հարց է, եթե եղել է քաղաքական պայմանավորվածություն, բայց դրանք ընդամենը վարկածներ են, կարող էր լինել պայմանավորվածություն, ճնշում եւ կարող էր ոչինչ չլիներ, պարզապես իր որոշումը լինի»,- ասաց քաղտեխնոլոգը:

Հարցին, թե ի՞նչ է փոխեց հունվարի 21-ից մեկնարկած քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածուի նկատմամբ մահափորձը, նա նշեց, որ առաջին օրը շոկ էր, բայց մեծ հաշվով` ոչինչ չի փոխվել, բեկում չի մտցվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  Պարույր Հայրիկյանը չի դիմելու ՍԴ` ընտրությունները հետաձգելու հարցով: Դրանք կկայանան փետրվարի 18-ին, ինչպես նախատեսված են: Իր այս որոշումը Հայրիկյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում նպաստել բռնությամբ քաղաքական կյանքը փոխելու ծրագրերին:

Հիշեցնենք, որ  Տպագրիչների 9 հասցեում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ: